Song of Solomon 8
1 Ո՞վ կտար քեզ, եղբորորդի՛ իմ, ուտել իմ մոր ստինքներից։ Երբ հանդիպեմ քեզ դրսում, կհամբուրեմ, և չեն արհամարհի ինձ։
2 Վերցնեմ, տանեմ քեզ իմ մոր տունը և ինձ հղացողի սենյակը, հարբեցնեմ քեզ յուղագործների գինիով, իմ նռնենիների օշարակով։
3 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, և նրա աջը թող գրկի ինձ։
4 Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։
5 Ո՞վ է սա, որ ելել գալիս է սպիտակացած [𝕸 անապատից ], գալիս է՝ հենված իր եղբորորդուն։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. այնտե՛ղ քո մայրը երկնեց քեզ, այնտե՛ղ քո ծնողը ծնեց քեզ։
6 Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։
7 Առատ ջրերը չեն կարողանա սերը մարել, և գետերը չեն արգելի այն։ Եթե մարդ իր ամբողջ ունեցվածքը տա սեր ստանալու ակնկալիքով, արհամարհելով կարհամարհվի։
8 Մեր քույրը փոքրիկ է և դեռ ստինքներ չունի. ի՞նչ անենք մեր քրոջն այն օրը, երբ կպատմվի նրա մասին։
9 Եթե պարիսպ է նա, արծաթե մարտկոց շինենք նրա վրա, եթե դուռ է, եղևնափայտյա տախտակներ ամրացնենք նրա վրա։
10 Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։
11 Սողոմոնը Բելմավոնում մի այգի ուներ, իր այգին նա տվեց պահապաններին։ Յուրաքանչյուր այր նրա պտղի համար հազար արծաթ պիտի բերի։
12 Իմ այգին իմ առաջ է. հազարներ՝ Սողոմոնին և երկու հարյուր՝ պահապաններին, որ պահում են պտուղը նրա։
13 Դո՛ւ, որ նստած ես պարտեզում, և ուրիշները լսում են քեզ, լսելի՛ արա ինձ ձայնը քո։
14 Փախի՛ր, եղբորորդի՛ իմ, և նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։