Song of Solomon 4
1 Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ ես ահա, քո աչքերն աղավնիներ են քողի հետևում։ Քո վարսերը նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։
2 Ատամները քո նման են խուզված ոչխարների հոտերի՝ ավազանից ելած, բոլորն էլ զույգ, և ոչ մի ամուլ չկա նրանց մեջ։
3 Շուրթերը քո նման են որդան կարմիր թելի, Գեղեցիկ են խոսքերը քո։ Քո այտերը նման են նռան կեղևի՝ քո քողի հետևում։
4 Պարանոցը քո նման է Թալպիովթում շինված Դավթի աշտարակին, նրանից կախված են վահաններ հազարավոր և սպառազեն մարդկանց նետերը բոլոր։
5 Քո երկու ստինքները նման են այծյամի երկվորյակ ձագերի, որ արածում են շուշանների մեջ։
6 Մինչ կծագի լույսը, և կշարժվեն ստվերները, ես ի՛նքս կգնամ դեպի լեռը զմուռսի և բլուրը կնդրուկի։
7 Ամբողջովին գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, առանց որևէ արատի։
8 Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ արի Լիբանանից։ Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով, Սանիրի և Հերմոնի կատարներով, առյուծների բներով և ինձերի լեռներով։
9 Մեր սիրտը գրավեցիր, քո՛ւյր մեր հարս, մեր սիրտը գրավեցիր քո մի հայացքով և քո պարանոցի քառամանյակով։
10 Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
11 Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
12 Փակված պարտեզ ես և աղբյուր կնքված, քո՛ւյր իմ հարս։
13 Տնկիները քո՝ դրախտ նռնենիների՝ մրգատու ծառերի պտուղներով հանդերձ,
14 Նարդոս և քրքում, խնկեղեգ և կինամոն՝ Լիբանանի բոլոր ծառերով հանդերձ, զմուռս ու հալվե՝ բոլոր ընտիր խնկերով հանդերձ։
15 Պարտեզների աղբյուր և կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։
16 Վե՛ր կաց, հյուսիսայի՛ն քամի, և ե՛կ, հարավայի՛ն քամի, փչի՛ր իմ պարտեզի մեջ, և թող բուրեն իմ խնկերը։