Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Ruth 3

:
Armenian - NEA
1 Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտրեմ, որ քեզ լավ լինի։
2 Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։
3 Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։
4 Երբ նա գնա քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, ոտքի կողմից բա՛ց արա ծածկոցը և պառկի՛ր։ Նա քեզ կասի, թե ի՛նչ պիտի անես»։
5 Հռութը նրան ասաց. «Կանեմ այն ամենը, ինչ որ ասես ինձ»։
6 Նա իջավ կալը և ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իր սկեսուրը։
7 Բոոսը կերավ, խմեց, և նրա սիրտը զվարթացավ, գնաց պառկեց դեզի մոտ։ Հռութը թաքուն եկավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը և պառկեց։
8 Կեսգիշերվա մոտ մարդը վախեցավ, շփոթվեց՝ տեսնելով, որ իր ոտքերի մոտ մի կին է պառկել։
9 Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։
10 Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս, որովհետև քո այս վերջին բարեգթությունն ավելին է, քան առաջինը, քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ։
11 Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կանեմ քեզ համար, որովհետև իմ ժողովրդի ողջ տոհմը գիտի, որ դու առաքինի կին ես։
12 Ես, արդարև, քո ազգականն եմ, բայց ինձանից ավելի մոտ ուրիշ ազգական էլ կա։
13 Այս գիշեր այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան այն ազգականը եթե տեր կանգնի քեզ, լավ է, իսկ եթե չկամենա քեզ տեր կանգնել, կենդանի է Տերը, ե՛ս քեզ տեր կկանգնեմ։ Պառկի՛ր այստեղ մինչև առավոտ»։
14 Նա մինչև առավոտ պառկեց նրա ոտքերի մոտ։ Հռութը վեր կացավ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել ինձ մոտ կալը։
15 Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այստեղ»։ Հռութը բռնեց այն, և Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, և Հռութը մտավ քաղաք։
16 Նա գնաց իր սկեսրոջ մոտ, որը նրան ասաց. «Ի՞նչ եղավ, աղջի՛կս»։ Եվ նա պատմեց նրան այն ամենը, ինչ որ այդ մարդն արել էր իր համար,
17 և ասաց. «Այս վեց չափ գարին տվեց ինձ և ասաց. “Քո սկեսրոջ մոտ ձեռնունայն չգնաս”»։
18 Նոոմինն ասաց. «Նստի՛ր, մինչև որ պարզ լինի մեզ, թե գործն ինչպես կվերջանա, որովհետև այն մարդը չի հանգստանա, մինչև որ այս գործն այսօր չվերջացնի»։