Romans 16
1 Հանձնարարում եմ ձեզ Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է,
2 որպեսզի Տիրոջ անունով ընդունեք նրան, ինչպես վայել է սրբերին, և հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ որ դիմի ձեզ. որովհետև նա ևս հոգատար եղավ շատերին և հենց ինձ։
3 Ողջունե՛ք Պրիսկեին ու Ակյուղասին՝ Հիսուս Քրիստոսով իմ գործակիցներին,
4 որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։
5 Ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիա նահանգից Քրիստոսի առաջին պտուղն է։
6 Ողջունե՛ք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար։
7 Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Յունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք երևելիներ են առաքյալների մեջ, որոնք նաև ինձնից առաջ դարձան Քրիստոսին։
8 Ողջունե՛ք Ամպղիային՝ Տիրոջով իմ սիրելիին։
9 Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Տիրոջով իմ գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։
10 Ողջունե՛ք Ապեղեսին, որ ընտրյալ է Տիրոջով։
11 Ողջունե՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են։ Ողջունե՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունե՛ք Նարկիսոսի ընտանիքի անդամներին, որոնք Տիրոջը հավատացին։
12 Ողջունե՛ք Տրիփոսին և Տրիփոնին, որոնք աշխատեցին Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդեին, որ Տիրոջ համար շատ աշխատեց։
13 Ողջունե՛ք Ռուփոսին՝ Տիրոջով ընտրյալին, և նրա մորը, որ ինձ էլ մայր է։
14 Ողջունե՛ք Ասյունկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբային, Երմեսին և նրանց հետ եղող եղբայրներին։
15 Ողջունե՛ք Փիղողոգոսին, Յուլիային, Ներեոսին ու նրա քրոջը, Ողիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին։
16 Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։
17 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռո՛ւ մնացեք նրանցից,
18 որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
19 Ձեր հնազանդության համբավը հասել է բոլորին, ուստի ձեզ համար ուրախ եմ։ Բայց ուզում եմ, որ իմաստուն լինեք՝ բարի գործեր կատարելով, և անմեղ՝ չար գործերից հեռու մնալով։
20 Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
21 Ձեզ ողջունում է Տիմոթեոսը՝ իմ գործակիցը, ինչպես նաև Ղուկիոսը, Յասոնը և Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։
22 Ողջունում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ այս նամակը գրեցի։
23 Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
24 Նրան, որ կարող է ձեզ հաստատուն պահել ըստ իմ ավետարանի և ըստ քարոզության Հիսուս Քրիստոսի, ըստ այն խորհրդի հայտնության, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր,
25 իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար,
26 միակ իմաստուն Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով. նրան փառք հավիտյանս։ Ամեն։
27 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։