Romans 14
1 Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք առանց երկմիտ խղճով։
2 Մեկը հավատում է, որ ամեն ինչ կարելի է ուտել։ Իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։
3 Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, որովհետև Աստված նրան ընդունեց։
4 Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել։
5 Մեկը վեր է դասում օրն օրից, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Յուրաքանչյուր ոք թող իր համոզումը պահի։
6 Ով կարևորություն է տալիս օրվան, Տիրոջ համար է կարևորություն տալիս, և ով կարևորություն չի տալիս օրվան, Տիրոջ համար կարևորություն չի տալիս։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և գոհություն է հայտնում Աստծուն, և ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում և գոհություն է հայտնում Աստծուն։
7 Որովհետև մեզնից ոչ ոք չի ապրում ինքն իր համար և չի մեռնում ինքն իր համար։
8 Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եվ արդ, ապրենք թե մեռնենք, Տիրոջն ենք պատկանում։
9 Քրիստոսը հենց դրա համար մեռավ ու վերակենդանացավ, որպեսզի մեռածների և ապրողների Տերը լինի հավասարապես։
10 Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը կամ ինչո՞ւ ես արհամարհում քո եղբորը, քանի որ ամենքս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև,
11 որովհետև գրված է. «Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- որ ամեն ծունկ իմ առջև է խոնարհվելու, և ամեն լեզու Աստծուն է խոստովանելու» ։
12 Ուրեմն մեզնից յուրաքանչյուրն իր համար Աստծուն հաշիվ է տալու։
13 Ուստի միմյանց չդատենք, այլ ավելի շուտ մտածեք գայթակղության պատճառ չլինել եղբոր համար։
14 Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։
15 Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։
16 Ձեր բարին թող հայհոյության պատճառ չդառնա,
17 որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
18 ով սրանցով է ծառայում Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց կողմից։
19 Ուրեմն հետամուտ լինենք խաղաղության և փոխադարձ ամրապնդման։
20 Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն ինչ մաքուր է, բայց սխալ է այն մարդու համար, որ ուտում է՝ գայթակղության առիթ դառնալով։
21 Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ որևէ բան անել, որով քո եղբայրը գայթակղվում, կամ սայթաքում, կամ տկարանում է։
22 Դու, որ իսկապես հավատ ունես, պահի՛ր քեզ համար Աստծու առաջ։ Երանի՜ նրան, ով չի դատապարտում իրեն այն պատճառով, որ ընկերոջ համար փորձության պատճառ է դառնում։
23 Բայց ով կասկածում է, դատապարտված է, եթե ուտի, որովհետև չի գործում հավատով. որովհետև այն ամենը, ինչ հավատից չի գալիս, մեղք է։