1Սաղմոս՝ օրհներգ շաբաթ օրվա
2Բարի է խոստովանել Տիրոջը, Սաղմոս երգել քո անվանը, Բարձրյա՜լ,
3Առավոտյան պատմել քո ողորմությունը Եվ գիշերը՝ քո ճշմարտությունը
4Տասնալար քնարով, Օրհնության ձայնով գովաբանել։
5Ուրախացրի՛ր ինձ, Տե՜ր, քո արարածներով, Եվ պիտի ցնծամ քո ձեռքերի գործերով։
6Որչա՜փ մեծ են քո գործերը, Տե՜ր, Եվ չափազանց խոր են քո խորհուրդները։
7Անզգամ մարդը չի ճանաչի այս, Եվ անմիտը չի ըմբռնի։
8Մեղավորները՝ խոտի պես բուսնելով, Եվ անօրենություն գործողները՝ ծաղկելով, Կկործանվեն հավիտյանս հավիտենից,
9Եվ դու Բարձրյալ ես հավիտյանս, Տե՜ր։
10Եվ ահա քո թշնամիները, Տե՜ր, Եվ ահա քո թշնամիները կկորչեն, Կցրվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում։
11Ռնգեղջյուրի պես բարձր կլինի իմ եղջյուրը, Իսկ ծերությունս՝ առատ ձեթի պես։
12Աչքս տեսավ իմ թշնամիներին, Որոնք չարությամբ ելել են իմ դեմ. Ականջս կլսի նրանց։
13Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես բազում կլինեն։
14Տնկված կլինեն Տիրոջ տան մեջ, Մեր Աստծու գավիթներում կծաղկեն,
15Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,
16որպեսզի ավետեն. «Ուղիղ է Տերը՝ իմ Աստված, Եվ նրա մեջ անիրավություն չկա»։