1Դպրապետին։ Սաղմոս Դավթի։ Հովնադաբի որդիների և առաջին գերեվարվածների կողմից կատարվող
2Տե՛ր, քեզ հուսացի, չեմ ամաչի հավիտյան։ Փրկի՛ր ինձ ու ապրեցրո՛ւ քո արդարությամբ, Քո ականջը խոնարհեցրո՛ւ ինձ և փրկի՛ր ինձ։
3Ապավե՛ն եղիր ինձ համար և ամրապես հաստատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Որովհետև իմ հույսն ու ապավենը դու ես։
4Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղավորի ձեռքերից, Անօրենի և անիրավի ձեռքերից։
5Քանզի դու ես իմ համբերությունը, Տե՛ր, Տե՛ր, իմ հույսն ես մանկությունիցս ի վեր։
6Քեզ վստահեցի ես արգանդից, Դու ես իմ ապավենը մորս որովայնից, Քեզնից է իմ օգնությունը հանապազ։
7Ես ինչպե՜ս շատերի ծաղրանքը դարձա, Իսկ դու իմ օգնականն ու զորացնողը եղար։
8Թող գովաբանությամբ լցվի բերանս, Որպեսզի շարունակ օրհնեմ քո փառքը Եվ մեծ վայելչությունը։
9Ինձ մի՛ լքիր ծերության ժամանակ, Տե՛ր, Ուժս պակասելու ժամանակ մի՛ թող ինձ։
10Իմ թշնամիները և նրանք, որ պաշարեցին հոգիս, Խորհելով մեկտեղ,
11ասացին. «Աստված լքեց նրան, հալածենք և բռնենք նրան, Քանզի նրան փրկող չկա»։
12Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից Եվ ինձ օգնությա՛ն հասիր, Աստվա՜ծ։
13Թող ամաչեն ու ձախողվեն անձիս չարախոսողները, Թող ամոթ ու պարսավանք կրեն ինձ չար կամեցողները։
14Ես մշտապես պիտի հուսամ Եվ ամեն բանի մեջ բազմացնեմ քո օրհնությունը։
15Բերանս պիտի պատմի քո արդարությունը Եվ ամեն օր՝ քո գովքը։ Ես մարդկային ճարտար դպրություն չգիտեմ.
16Ես պիտի մտնեմ Տիրոջ զորության ներքո Եվ քո արդարությունը, Տե՜ր, միայն հիշեմ։
17Աստվա՛ծ իմ, ինձ կրթեցիր իմ մանկությունից ի վեր, Եվ հիմա էլ քո արդարությունը պիտի պատմեմ։
18Մինչև ճերմակելն ու ծերանալը մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ. Մինչև ամեն եկող սերնդի պատմվեն գործերը բազկիդ։ Մինչև բարձունքներ են հասնում քո զորությունն ու արդարությունը,
19Նաև մեծագործություններդ. Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման։
20Թեպետ բազում նեղություն Եվ չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, Դարձյալ մխիթարեցիր ինձ Եվ երկրի խոր անդունդներից հանեցիր ինձ։
21Հաճախ ցույց տվեցիր քո զորությունը. Դարձյալ մխիթարեցիր ինձ Եվ դարձյալ հանեցիր ինձ Երկրի խոր անդունդներից։
22Եվ արդ, ես պիտի վկայեմ քո մասին Սաղմոսների պատրաստությամբ, Ճշմարի՛տ Աստված, Սաղմոս պիտի երգեմ քեզ օրհնությամբ, Սո՛ւրբդ Իսրայելի։
23Երբ սաղմոս երգեմ քեզ, շրթունքներն իմ պիտի ցնծան Եվ հոգիս, որ դու փրկեցիր։
24Լեզուս ևս պիտի միշտ խոսի քո արդարությունից։ Ժամանակին պիտի խայտառակվեն Եվ ամոթահար լինեն իմ դեմ չար խորհողները։