1Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության
2Ո՛վ Աստված, մեր ականջներով լսեցինք, Ինչ որ մեր հայրերը պատմեցին մեզ. Այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում, առաջին օրերում։
3Քո ձեռքը վերացրեց հեթանոսներին Եվ նրանց փոխարեն հաստատեց մեր հայրերին։ Չարչարեցիր ժողովուրդներին և դուրս հանեցիր նրանց.
4Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։
5Դու ինքդ ես իմ թագավորը և իմ Աստվածը, Որ տնօրինեցիր Հակոբի փրկությունները։
6Քեզնով պիտի հարվածենք մեր թշնամիներին Եվ քո անվամբ պիտի արհամարհենք մեր դեմ ելնողներին։
7Ո՛չ աղեղիս վրա եմ հույս դրել, Եվ ո՛չ էլ սուրս պիտի փրկի ինձ,
8Այլ դու ես մեր թշնամիներից մեզ փրկողը Եվ մեզ ատողներին ամոթահար անողը։
9Ամեն օր Աստծով պարծենանք Եվ նրա անվանը խոստովանենք հավիտյան։
10Բայց արդ մերժեցիր և անարգեցիր մեզ Եվ չելար մեր զորքի հետ, ո՛վ Աստված։
11Մեզ թիկունք դարձնել տվեցիր մեր թշնամիների առաջ, Եվ մեզ ատողները հափշտակեցին մեզ։
12Մեզ ոչխարի պես տվեցիր մորթվելու Եվ մեզ հեթանոսների մեջ ցրեցիր։
13Առանց գնի վաճառեցիր քո ժողովրդին, Եվ մեր աղաղակն այժմ թիվ-համար չունի։
14Մեզ մեր հարևանների նախատինքը դարձրիր Եվ մեր դրացիների ծաղր ու ծանակը։
15Մեզ հեթանոսների մեջ ասելիք դարձրիր, Եվ ժողովուրդները մեր մասին լսելիս գլուխներն էին շարժում։
16Ամեն օր նախատինքներս իմ առջև են, Եվ երեսիս ամոթը պատել է ինձ
17Նախատողի ու չարախոսի ձայնից, Թշնամու և հալածողի երեսից։
18Այս ամենը մեր գլխով անցավ, Բայց մենք քեզ չմոռացանք Ու չդրժեցինք քո Ուխտը,
19Եվ մեր սրտերը չփոխվեցին։ Մեր շավիղները շեղեցիր քո ճանապարհներից,
20Մեզ խոնարհեցրիր չարչարանքի տեղերում, Եվ մեզ պատեցին ստվերները մահվան։
21Մի՞թե մոռացանք մեր Աստծու անունը Կամ ձեռք մեկնեցինք օտար աստվածներին։
22Սակայն Աստված այդ կիմանա, Որովհետև նա է քննում մեր սրտի գաղտնիքները։
23Քանզի ամեն օր մեռնում ենք քեզ համար, Համարվեցինք իբրև զոհաբերության նախատեսված ոչխարներ։
24Զարթնի՛ր, Տե՜ր, ինչո՞ւ ես ննջում. Ելի՛ր և մի՛ մերժիր մեզ ընդմիշտ։
25Երեսդ ինչո՞ւ ես շրջում մեզնից, Մեր նեղություններն ու աղքատությունը մոռանում։
26Մեր անձերը մինչև գետին խոնարհվեցին, Իսկ մեր մեջքերը հողին հավասարվեցին.
27Ելի՛ր, Տե՜ր, օգնի՛ր մեզ Եվ փրկի՛ր մեզ հանուն քո անվան։