1Սաղմոս Դավթի Արդարնե՛ր, ցնծացե՛ք Տիրոջով. Ուղղամիտներին է վայելում օրհնությունը։
2Օրհներգե՛ք Տիրոջը օրհնությամբ, Տասնալար սաղմոսարանով սաղմո՛ս ասացեք նրան։
3Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, որ բարի է. Սաղմո՛ս ասացեք նրան օրհնությամբ։
4Ուղիղ են Տիրոջ պատգամները, Եվ նրա բոլոր գործերը՝ հուսալի.
5Տերը սիրում է ողորմություն և իրավունք։ Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ,
6Եվ Տիրոջ խոսքով հաստատվեց երկինքը, Նրա բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները։
7Ծովի ջրերը հավաքեց կարծես տիկի մեջ Եվ իր գանձերը դրեց խորքերում։
8Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից, Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։
9Քանզի նա ասաց, և գոյացան, հրամայեց, և հաստատվեցին։
10Տերը ցրում է հեթանոսների ժողովները, Տերն անարգում է ժողովուրդների խորհուրդները, Տերն արհամարհում է իշխանների մտքերը։
11Տիրոջ խորհուրդը կմնա հավիտյան, Նրա սրտի խորհուրդը՝ սերնդեսերունդ։
12Երանի՜ այն ազգին, որի օգնականը Տերն է՝ Աստված, Այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն։
13Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին.
14Իր պատրաստած բնակությունից Նայեց աշխարհի բոլոր բնակիչներին։
15Նա, որ ստեղծեց նրանցից յուրաքանչյուրի սիրտը Եվ գիտի նրանց բոլոր գործերը։
16Թագավորն իր զորքի բազմությամբ չի փրկվի, Եվ ոչ էլ հսկան՝ իր մեծ զորությամբ։
17Ձին չի կարող փրկություն ապահովել, Իր ողջ կարողությամբ չի կարող փրկել հեծյալին։
18Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է, Եվ նրա ողորմությունը իրեն հուսացողների վրա է՝
19Նրանց փրկելու մահվանից Եվ սովի ժամանակ նրանց կերակրելու։
20Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, Որովհետև մեր օգնականն է ու մեր պաշտպանը։
21Նրանով թող ուրախանան մեր սրտերը, Եվ նրա սուրբ անվանը հուսանք։
22Թող քո ողորմությունը մեզ վրա լինի, Ո՜վ Տեր, ինչպես որ քեզ հուսացինք։