1Ալելուիա Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, Որովհետև բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
2Իսրայելի տունը թող ասի, որ բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
3Ահարոնի տունը թող ասի, Որ հավերժ է նրա ողորմությունը։
4Տիրոջից երկյուղածները թող ասեն, որ բարի է, Որ հավերժ է նրա ողորմությունը։
5Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի, Եվ հանդարտությամբ լսեց ինձ։
6Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա. Մարդն ինձ ի՞նչ կանի։
7Տերն է իմ օգնականը, Եվ ես կտեսնեմ վերջը թշնամիներիս։
8Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց,
9Լավ է Տիրոջը հուսալ, քան իշխաններին։
10Բոլոր ազգերն ինձ շրջապատեցին, Եվ Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց,
11Շուրջս շրջեցին և միասին ինձ պաշարեցին, Եվ Տիրոջ անվամբ վանեցի նրանց։
12Մեղուների պես իմ շուրջը դարձան, Վառվեցին, բորբոքվեցին հրո ճարակ փշերի պես, Եվ Տիրոջ անվամբ մերժեցի նրանց։
13Մերժելուց դրդվեցի և մոտ էի գլորվելու, Եվ Տերն ինձ ընդունեց։
14Տերն իմ զորությունն ու օգնությունն է Եվ իմ փրկությունը եղավ։
15Ցնծության և փրկության ձայն կա Արդարների հարկերում։ Տիրոջ աջը զորություն գործեց,
16Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, Եվ Տիրոջ աջը զորություն գործեց։
17Պիտի չմեռնեմ, այլ պիտի ապրեմ Եվ պիտի պատմեմ գործերը Տիրոջ։
18Խրատելով խրատեց Տերն ինձ Եվ չմատնեց մահվան։
19Արդարության դռները բացե՛ք ինձ, Որ մտնեմ նրանցից ներս Եվ գոհություն մատուցեմ Տիրոջը։
20Այս դուռը Տիրոջն է, Եվ արդարները կմտնեն սրանով։
21Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Որովհետև լսեցիր ինձ, Իմ փրկությունը եղար։
22Վեմը, որ շինողներն անարգեցին, Անկյան գլուխը եղավ։
23Տիրոջից եղավ այս Եվ սքանչելի է մեր աչքերին։
24Այսօր է, որ ստեղծեց Տերը. Եկեք ցնծանք և ուրախանանք այսօր։
25Ո՜վ Տեր, փրկի՛ր, ո՜վ Տեր, առաջնորդի՛ր,
26Օրհնյա՜լ է Տիրոջ անվամբ եկողը, Եվ օրհնեցինք քեզ Տիրոջ տնից։
27Տերը՝ մեր Աստվածը, երևաց մեզ. Կատարե՛ք ուրախության տոներ Մուտքից մինչև սեղանի անկյունները։
28Դու իմ Աստվածն ես. Գոհություն պիտի մատուցեմ քեզ։ Դու իմ Աստվածն ես. Պիտի մեծարեմ քեզ։ Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, Որովհետև լսեցիր ինձ Եվ իմ փրկությունը եղար։
29Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, Որովհետև բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։