Proverbs 16NEA

1Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։

2Խոնարհի բոլոր գործերը հայտնի են Տիրոջ առջև, և Տերն է դատում հոգիները։

3Տիրո՛ջը հանձնիր քո գործերը, և քո խորհուրդները կկատարվեն։ Ի՜նչ մեծության էլ հասնես, խոնա՛րհ պահիր անձդ. և Տիրոջ առջև շնորհ կգտնես։

4Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։

5Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։

6Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։

7Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։

8Լավ է քիչ շահելը Տիրոջից երկյուղով, քան մեծ գանձերը՝ ամբարշտությամբ։

9Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։

10Մարգարեական պատգամ կա թագավորի շուրթերին, և նրա բերանը չի սխալվի դատաստանի պահին։

11Կշռաքարի արդարությունը Տիրոջից է. և նրա գործերը՝ արդար կշիռներ։

12Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։

13Արդար շուրթերը հաճելի են թագավորին. Տերը սիրում է ուղիղ խոսքերը։

14Թագավորի սրտմտությունը մահվան հրեշտակ է, բայց իմաստունը մեղմում է այն։

15Թագավորի որդին կյանքի լույսի մեջ է, և նրա բարեհաճությունը սպասվող անձրևաբեր ամպի է նման։

16Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։

17Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։

18Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։

19Լավ է խոնարհների հետ հանդարտասիրտ լինել, քան ամբարտավանների հետ ավար բաժանել։

20Ով խելացի է գործի մեջ, բարիքներ կգտնի, և ով Տիրոջ վրա է հույսը դնում՝ երանելի է։

21Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։

22Միտքը կյանքի աղբյուր է ունեցողի համար, իսկ անմիտների խրատը չար է։

23Իմաստունի սիրտը գիտե իր բերանի խոսքը, և իր շուրթերով խոհեմություն է խորհում.

24Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։

25Կան ճանապարհներ, որ մարդուն ուղիղ են թվում, բայց նրանց վերջը նայում է դժոխքի հատակին։

26Մարդը տքնանքով վաստակում է իր անձի համար՝ Հեռու վանելով կորուստն իրենից, իսկ անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։

27Անզգամ մարդն իր հոգու մեջ չարիքներ է փորում և հուր է կուտակում իր շուրթերի վրա։

28Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։

29Անօրեն մարդը փորձության է մատնում իր բարեկամներին և նրանց տանում չար ճանապարհներով։

30Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։

31Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։

32Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։

33Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.