Numbers 19
1 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ։
2 Սա է այն կարգը, որ Տերը պատվիրեց Մովսեսին՝ ասելով. «Իսրայելի որդիներին ասա՛, որ քեզ մոտ բերեն արատ չունեցող մի կարմիր երինջ, որ ոչ մի բիծ չունենա ու լծի տակ մտած չլինի։
3 Այն կհանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, և այն զոհեն նրա առջև։
4 Եղիազարը թող առնի նրա արյունից և յոթ անգամ ցանի Վկայության խորանի դիմաց։
5 Երինջը թող այրեն նրա առջև. դրա մորթը, միսն ու արյունը թող այրեն իր աղտեղիքի հետ։
6 Քահանան թող վերցնի եղևնու փայտ, զոպա ու կարմիր թել և նետի երինջի այրվածքի մեջ։
7 Ապա քահանան թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և հետո միայն մտնի բանակ։ Քահանան մինչև երեկո անմաքուր թող համարվի։
8 Երինջն այրողը նույնպես թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և անմաքուր համարվի մինչև երեկո։
9 Մի մաքուր մարդ թող հավաքի երինջի մոխիրը և կուտակի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Մոխիրը պիտի պահվի Իսրայելի ժողովրդի համար. դրանով պիտի պատրաստվի մաքրության ջուրը, քանի որ դա սրբություն է։
10 Երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր մարմինն ու հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Եվ այս հավիտենական օրենք թող լինի թե՛ Իսրայելի որդիների և թե՛ նրանց հարած եկվորների համար»։
11 «Նա, ով կդիպչի մեռած մարդու, անմաքուր թող համարվի յոթ օր։
12 Նա պետք է մաքրվի երրորդ ու յոթերորդ օրերին, որից հետո մաքուր կհամարվի։ Իսկ եթե երրորդ ու յոթերորդ օրերին չմաքրվի, մաքուր չի համարվի։
13 Ով դիպչի մեռած մարդու ու չմաքրվի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը։ Այդ մարդը թող վերանա Իսրայելի միջից։ Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանվեց նրա վրա, նա անմաքուր է, որովհետև նրա պղծությունը մնում է իր մեջ։
14 Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։
15 Բաց, կափարիչով չծածկված կամ բերանը չկապած որևէ աման անմաքուր թող համարվի։
16 Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։
17 Անմաքուր համարվածի համար թող առնեն մեղքերի մաքրման համար այրված երինջի մոխրից, դնեն մի ամանի մեջ և վրան ջուր ավելացնեն։
18 Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան և այն սուրբ ջրի մեջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչպես նաև մարդու ոսկորին, սպանված կամ մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տված մարդու վրա։
19 Մաքուր մարդը երրորդ ու յոթերորդ օրերն անմաքուր մարդու վրա ջուր թող ցանի, և նա յոթերորդ օրը մաքուր թող համարվի։ Նա թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվանա ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի։
20 Այն մարդը, որ պղծվել է, բայց չի մաքրվում, թող վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա Տիրոջ սրբարանն է պղծել, սրսկման ջուր չի սրսկվել նրա վրա, անմաքուր է։
21 Դա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի։ Սրսկման ջուրը սրսկողը պետք է լվանա իր հագուստները։ Ով մերձենում է սրսկման ջրին, մինչև երեկո անմաքուր թող համարվի։
22 Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչև երեկո դա անմաքուր թող համարվի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչև երեկո անմաքուր թող համարվի»։