Micah 6NEA

1Լսե՛ք սա, որ Տերն ասաց. «Վե՛ր կաց և դա՛տ արա լեռների հետ, և բլուրները թող լսեն քո ձայնը։

2Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։

3«Իմ ժողովո՛ւրդ, ի՞նչ եմ արել քեզ կամ ինչո՞վ եմ տրտմեցրել քեզ կամ ինչո՞վ եմ նեղացրել քեզ, ինձ պատասխա՛ն տուր։

4Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։

5Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։

6Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։

7Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։

8Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։

9Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,

10եթե ոչ հուրը և անօրենի տունը, որ գանձում է անօրեն գանձեր անիրավության հպարտությամբ։

11Եվ կլինի՞, որ անօրենն արդարանա կաշառքով ու նենգության կշեռքի պայուսակով.

12ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։

13Ես կործանումով հարվածեցի քեզ քո մեղքերի համար։

14Դու կուտես և չես հագենա. մերժեցի քեզ. կբռնվես և չես ազատվի, և ովքեր որ ազատվեն, սրի կմատնվեն։

15Դու կսերմանես, բայց չես հնձի, ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով, և գինի, բայց գինի չես խմի։ Կվերանան իմ ժողովրդի անօրենները

16և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Micah 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.