Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Luke 7

:
Armenian - NEA
1 Երբ Հիսուսը վերջացրեց իր ողջ ասելիքը ժողովրդին, մտավ Կափառնաում։
2 Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։
3 Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա և բժշկի իր ծառային։
4 Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես,
5 որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա շինեց մեզ համար»։
6 Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես.
7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու. այլ՝ խոսքո՛վ ասա, և իմ ծառան կբժշկվի։
8 Որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ “Գնա՛”, և գնում է, իսկ մյուսին՝ “Արի՛”, և գալիս է, և իմ ծառային՝ “Արա՛ այս բանը”, և նա անում է»։
9 Եվ երբ Հիսուսն այս լսեց, զարմացավ նրա վրա, դարձավ իրեն հետևող ժողովրդին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։
10 Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային արդեն բժշկված գտան։
11 Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին նաև իր աշակերտները և բազում ժողովուրդ։
12 Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։
13 Երբ Տերն այդ կնոջը տեսավ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար»,
14 և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։
15 Մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան մորը տվեց։
16 Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։
17 Եվ նրա մասին այս զրույցը տարածվեց ամբողջ Հրեաստանում և երկրի բոլոր կողմերում։
18 Հովհաննեսին այս բոլորի մասին պատմեցին նրա աշակերտները։
19 Հովհաննեսն իր աշակերտներից մի երկուսին իր մոտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մոտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։
20 Այդ մարդիկ, գալով նրա մոտ, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մոտ և ասում է. “Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք”»։
21 Եվ նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, ցավերի հարվածներից, չար ոգիներից և բազմաթիվ կույրերի տեսողություն շնորհեց։
22 Նա պատասխանեց նրանց և ասաց. «Գնացե՛ք, պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում.
23 և երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի»։
24 Եվ երբ Հովհաննեսի պատգամաբերները գնացին, նա սկսեց ժողովրդին խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ։
25 Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարված մի մա՞րդ. ահավասիկ նրանք, որ փառավոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են։
26 Ապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարե՞։ Այո՛, ասում եմ ձեզ, առավել քան մարգարեն,
27 որովհետև Հովհաննեսը նա է, որի մասին գրված է. “Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին, որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի” ։
28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ չկա ավելի մեծ մարգարե, քան Հովհաննեսը. բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
29 Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։
30 Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։
31 «Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, և, իրոք, ո՞ւմ են նման։
32 Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։
33 Եկավ Հովհաննես Մկրտիչը. չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք. “Նրա մեջ դև կա”։
34 Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”։
35 Եվ իմաստությունն արդարացվեց նրա որդիների կողմից»։
36 Ապա փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց։
37 Քաղաքում մեղավոր մի կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով՝
38 կանգնեց Հիսուսի հետևում՝ նրա ոտքերի մոտ։ Լաց էր լինում, ու հանկարծ սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր, համբուրում նրա ոտքերը և այդ յուղով օծում։
39 Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։
40 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եվ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եվ Հիսուսն ասաց.
41 «Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն։
42 Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Հիմա ասա՛, ո՞վ ավելի շատ կսիրի նրան»։
43 Սիմոնն ասաց. «Ինձ այնպես է թվում, թե նա՛, որին ավելի շատը շնորհվեց»։ Եվ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։
44 Եվ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։
45 Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։
46 Դու յուղով գլուխս չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց։
47 Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։
48 Եվ ասաց այդ կնոջը. «Քո մեղքերը ներված են քեզ»։
49 Եվ նրա սեղանակիցներն սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։
50 Եվ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։