Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Luke 4

:
Armenian - NEA
1 Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ
2 քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց։
3 Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց դառնա»։
4 Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. “Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով” »։
5 Եվ սատանան, նրան տանելով մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։
6 Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս բոլոր իշխանությունները և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում կամենամ, կտամ այն։
7 Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»։
8 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես” »։
9 Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր,
10 որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,
11 և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” »։
12 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” »։
13 Եվ սատանան, կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միառժամանակ հեռացավ։
14 Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց։
15 Եվ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառավորվելով բոլորից։
16 Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը ժողովարան մտավ։
17 Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, երբ ելավ ընթերցելու, իսկ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.
18 «Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու,
19 գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» ։
20 Եվ փակելով գիրքը՝ տվեց պաշտոնյային ու նստեց. իսկ ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրան էին սևեռված։
21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս մարգարեությունը, որ լսեցիք ձեր իսկ ականջներով, կատարվեց»։
22 Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։
23 Եվ ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնաումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո հայրենի գավառում»։
24 Եվ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեն ընդունելի չէ իր հայրենի գավառում։
25 Արդարև, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում բազում այրիներ կային, երբ երկինքը փակվեց երեք տարի ու վեց ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ։
26 Սակայն այրիներից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն Սիդովնի Սարեփթա՝ մի այրի կնոջ մոտ։
27 Իսրայելում Եղիսե մարգարեի օրոք բազում բորոտներ կային, և սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեման Ասորին»։
28 Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցվեցին բարկությամբ
29 և վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև դարավանդը այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն։
30 Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։
31 Իջավ Գալիլեայի Կափառնաում քաղաքը և շաբաթ օրերն ուսուցանում էր նրանց։
32 Նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իշխանությամբ էր խոսում։
33 Եվ ժողովարանում մի պիղծ դևի ոգին ունեցող մի մարդ կար. սա բարձր ձայնով աղաղակեց և ասաց.
34 «Վա՜յ մեզ, Հիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք, թե ո՛վ ես՝ Սուրբը Աստծու»։
35 Հիսուսը սաստեց նրան ու ասաց. «Պապանձվի՛ր և դո՛ւրս ելիր դրանից»։ Եվ դևն այնտեղ գետնին գցեց նրան և դուրս ելավ նրանից՝ առանց որևէ վնաս տալու։
36 Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս. իշխանությամբ և զորությամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։
37 Եվ նրա հռչակը տարածվում էր գավառի բոլոր տեղերում։
38 Եվ նա, ժողովարանից դուրս գալով, մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, և նրա համար աղաչեցին Հիսուսին։
39 Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին, և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։
40 Մայրամուտին բոլոր նրանք, որ պես-պես ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց։ Իսկ նա նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք էր դնում ու բժշկում նրանց։
41 Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
42 Լուսանալուն պես Հիսուսը ելավ գնաց ամայի մի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչև նրա մոտ և չէին թողնում նրան, որ հեռանա իրենցից։
43 Եվ նա նրանց ասաց. «Աստծու արքայությունը ես ուրիշ քաղաքների էլ պիտի ավետարանեմ, որովհետև հենց դրա համար ուղարկվեցի»։
44 Եվ նա քարոզում էր գալիլեացիների ժողովարաններում։