Luke 15
1 Բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին՝ նրան լսելու նպատակով։
2 Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։
3 Հիսուսը նրանց այս առակն ասաց.
4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև գտնի այն։
5 Եվ երբ գտնի, այն խնդությամբ կդնի իր ուսերի վրա
6 և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։
7 Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։
8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը ու չի փնտրի փութով, մինչև գտնի։
9 Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը”։
10 Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
11 Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ.
12 նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։
13 Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։
14 Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։
15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։
16 Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։
17 Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։
18 Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ
19 և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը”։
20 Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։
21 Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։
22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.
23 բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք և ուրախ լինենք,
24 որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”։ Եվ սկսեցին ուրախանալ։
25 Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։
26 Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՛նչ է։
27 Եվ սա ասաց նրան. “Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է”։
28 Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։
29 Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։
30 Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։
31 Հայրը նրան ասաց. “Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է.
32 բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։