Leviticus 27
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկն ուխտ անի Տիրոջը, ապա իր անձի համար պիտի վճարի Տիրոջը.
3 տղամարդու պարագայում՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկանը, սրբարանի կշռաչափի հիսուն երկդրամյան արծաթ։
4 Կնոջ դեպքում՝ երեսուն երկդրամյան։
5 Հինգ տարեկանից մինչև քսան տարեկան արուի դեպքում՝ քսան երկդրամյան, իսկ նույն տարիքի աղջկա դեպքում՝ տասը երկդրամյան։
6 Մեկ ամսականից մինչև հինգ տարեկան արուի դեպքում՝ հինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի աղջկա դեպքում՝ երեք երկդրամյան արծաթ։
7 Եթե վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի կնոջը՝ տասը երկդրամյան։
8 Եթե որևէ մեկն աղքատ լինի՝ վճարելու այդ գինը, նա պետք է դիմի քահանային, և քահանան նրա գինը թող նվազեցնի։ Ինչ կարողություն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։
9 Եթե ուխտը վերաբերում է զոհի համար ընդունելի կենդանիներին, ապա Տիրոջն ընծայված ամեն կենդանի սուրբ է։
10 Լավը վատի հետ թող չփոխի, ոչ էլ վատը՝ լավի։ Եթե իր ուխտած կենդանին փոխանակի մեկ այլ կենդանիով, ապա երկու կենդանիներն էլ թող սուրբ լինեն։
11 Եթե ուխտածն անմաքուր կենդանի է՝ ոչ ենթակա Տիրոջն ընծա մատուցվելու, այդ կենդանին թող բերի քահանայի առաջ,
12 քահանան, ըստ լավի ու վատի, թող գնահատի այն։ Ինչպես որ քահանան գնահատի, այդպես էլ թող լինի։
13 Իսկ եթե ուխտ անողը ցանկանա կենդանու փոխարեն վճարել նրա արժեքը, ապա դրա վրա պետք է ավելացնի նաև որոշված արժեքի մեկ հինգերորդ մասը։
14 Եթե մեկը ցանկանա իր տունը նվիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լավ կամ վատ վիճակը. քահանայի գնահատումը վերջնական թող լինի։
15 Իսկ եթե նվիրաբերողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա տան արժեքի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։
16 Եթե մեկն իր կալվածքը հանդիսացող ագարակն է ուխտում նվիրել Տիրոջը, ապա դրա արժեքը թող լինի ըստ դրա վրա ցանված սերմի։ Մեկ քոռ սերմի համար թող վճարի հիսուն երկդրամյան արծաթ։
17 Եթե ագարակը նվիրաբերի ազատագրման տարվանից, նրա ամբողջ արժեքը պետք է հաշվվի։
18 Իսկ եթե իր ագարակը նվիրաբերում է ազատագրման տարուց հետո, ապա քահանան պետք է հաշվի արժեքը՝ ըստ մինչև հաջորդ ազատագրման տարին ընկած տարիների քանակի, և հանվի նրա ընդհանուր արժեքից։
19 Եթե ագարակը նվիրողը ցանկանա այն հետ գնել, դրա գնի վրա թող ավելացնի գնահատվածի մեկ հինգերորդ չափով արծաթ, որից հետո ագարակը կլինի իրենը։
20 Իսկ եթե հետ չգնի իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն հետ գնելու իրավունք այլևս չի ունենա։
21 Ազատագրման տարում այն թող նվիրվի Տիրոջը և դառնա քահանայի սեփականություն։
22 Եթե նա իր ժառանգությունը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակից նվիրաբերի Տիրոջը,
23 թող քահանան գնահատի այն՝ ըստ մինչև ազատագրման տարին մնացած տարիների, և հետ գնել ցանկացողն այդ օրը Տիրոջը թող վճարի որոշված արժեքը։
24 Ազատագրման տարում կալվածքի նախկին տերն այն հետ պիտի ստանա։
25 Բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի կշռաչափի. մեկ երկդրամյանը քսան դանգի համարժեք թող լինի։
26 Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նվիրաբերել. լինի դա արջառ թե ոչխար, պատկանում է Տիրոջը։
27 Անմաքուր չորքոտանի կենդանին կարող է հետ գնվել՝ դրա արժեքի վրա ավելացնելով մեկ հինգերորդը, որից հետո կպատկանի իրեն։ Իսկ եթե հետ չգնի, ապա թող վաճառվի իր արժեքով։
28 Իսկ ամեն մի նվեր, որ մարդ իր ունեցած ամեն ինչից տալիս է Տիրոջը՝ լինի դա մարդ թե անասուն կամ սեփական կալվածք, չի կարող վաճառվել կամ հետ գնվել։ Նման բոլոր նվիրաբերումները սրբություն սրբոց են և պատկանում են Տիրոջը։
29 Մարդկանցից ով նվիրաբերվի, չի կարող հետ գնվել, այլ անպայման պիտի մեռնի։
30 Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։
31 Եթե մեկը ցանկանա հետ գնել իր տասանորդը, նա պետք է դրա վրա ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդ մասը, որից հետո տասանորդը կլինի իրենը։
32 Տասը արջառից ու ոչխարից մեկը, ինչպես նաև հովվի գավազանի տակ հաշվված տասը անասունից մեկը պատկանում են Տիրոջը։
33 Խտրություն թող չլինի լավի ու վատի միջև, և լավը վատով չփոխարինես։ Իսկ եթե այնուամենայնիվ փոխարինես, և՛ այն, և՛ փոխարինվողը պետք է նվիրաբերես և իրավունք չպիտի ունենաս դրանք հետ գնելու”»։
34 Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։