Judges 20
1 Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։
2 Ամբողջ ժողովրդի իշխանները և Իսրայելի բոլոր ցեղերը՝ չորս հարյուր հազար սուսերակիր, ներկայացան Աստծու ժողովրդի հավաքին։
3 Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները եկել են Մասեփա։ Իսրայելի որդիներն ասացին. «Ասե՛ք, թե որտե՞ղ կատարվեց այս չարագործությունը»։
4 Ղևտացի մարդը՝ սպանված կնոջ ամուսինը, պատասխան տվեց և ասաց. «Ես և իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։
5 Գաբաայի տղամարդիկ ելան իմ դեմ, գիշերով շրջապատեցին տունը և ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, և նա մեռավ։
6 Ես էլ առա իմ հարճին, կտրատեցի նրան և ուղարկեցի Իսրայելի ժառանգության բոլոր սահմանները, որովհետև նրանք մեծ հանցանք և անզգամություն արեցին Իսրայելի մեջ։
7 Ահա մենք ամենքս Իսրայելի որդիներ ենք, մեզ խո՛սք ասեք ու խորհո՛ւրդ տվեք»։
8 Ամբողջ ժողովուրդը վեր կացավ մեկ մարդու նման և ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր հարկի տակ չի մտնելու, և ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դեպի իր տուն։
9 Ահա թե ինչ պիտի անենք Գաբաային. նրա վրա պիտի գնանք վիճակահանությամբ ընտրված մարդկանցով։
10 Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը, հազարից հարյուր, տասը հազարից հազար մարդ, թող պաշար վերցնեն և կգնան Բենիամինի երկրի Գաբաայի դեմ, որ պատժեն նրան Իսրայելի մեջ նրա արած ամբողջ անզգամության համար»։
11 Եվ բոլոր իսրայելացիները մեկ մարդու նման քաղաքներից հավաքվեցին եկան։
12 Իսրայելի ցեղերը Բենիամինի ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այդ ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։
13 Հիմա տվե՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների ձայնը։
14 Եվ Բենիամինի որդիներն իրենց քաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմի դուրս գան։
15 Այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները քսանհինգ հազար սուսերակիր էին, չհաշված Գաբաայի բնակիչներին, որոնք յոթ հարյուր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝
16 երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկավորներ էին, որ քարեր էին նետում և մազաչափ չէին վրիպում։
17 Իսկ Իսրայելի որդիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարյուր հազար սուսերակիրներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։
18 Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
19 Եվ Իսրայելի որդիներն առավոտյան վեր կացան, բանակեցին Գաբաայի մոտ։
20 Իսրայելի մարդիկ ելան Բենիամինի դեմ պատերազմելու և Գաբաայի մոտ նրանց դեմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։
21 Բենիամինի որդիները դուրս եկան քաղաքից, և այն օրը Իսրայելից քսաներկու հազար մարդ սպանեցին և գետնին փռեցին։
22 Բայց Իսրայելի մարդիկ դարձյալ զորացան և նորից ճակատ կազմեցին՝ պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։
23 Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
24 Երկրորդ օրն Իսրայելի որդիները պատերազմի ելան Բենիամինի որդիների դեմ։
25 Բենիամինն էլ երկրորդ օրը ելավ նրանց դեմ պատերազմելու և ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց և գետնին փռեց։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
26 Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։
27 Որովհետև այդ օրերին այնտեղ էր Տիրոջ՝ Աստծու Ուխտի տապանակը։
28 Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։
29 Իսրայելի որդիները դարանակալներ դրեցին Գաբաայի շուրջը։
30 Երրորդ օրն Իսրայելի որդիները դուրս եկան Բենիամինի դեմ, ճակատ կազմեցին Գաբաայի մոտ, ինչպես նախորդ անգամները։
31 Բենիամինի որդիները դուրս եկան ժողովրդի դեմ, հեռացան այդ քաղաքից և սկսեցին նախորդ անգամների պես ժողովրդին ջարդել այն ճանապարհների վրա, որոնցից մեկը դուրս էր գալիս Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում Իսրայելից մոտ երեսուն մարդ կոտորեցին։
32 Բենիամինի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորվելու են, ինչպես նախորդ անգամ»։ Իսկ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։
33 Եվ Իսրայելի բոլոր որդիները վեր կացան իրենց տեղից և վերադասավորվեցին Բաալթամարում։ Իսրայելի դարանակալները կռվում էին իրենց տեղից՝ Գաբաայի արևմտյան կողմից։
34 Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտիր մարդիկ հավաքվեցին Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացավ, բայց Բենիամինի որդիները չգիտեին, որ իրենց վրա չարիք է հասել։
35 Տերը Բենիամինի ցեղին հարվածեց Իսրայելի որդիների առաջ, և Իսրայելի որդիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
36 Բենիամինի որդիները տեսան, որ պարտության են մատնված։ Իսրայելացիները նահանջեցին, որովհետև հույսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրա։
37 Դարանամուտները հարձակվեցին և թափվեցին Գաբաայի վրա, մտան և ամբողջ քաղաքը սրի քաշեցին։
38 Իսրայելի մարդիկ պայմանավորվել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն և ծուխ հանեն քաղաքի վրա։
39 Այդ ազդանշանի վրա Իսրայելի մարդիկ պետք է հետ քաշվեին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել Իսրայելի դարանակալներին, մոտ երեսուն վիրավոր մարդու կոտորեցին և ասացին, թե՝ «Կոտորվում են մեր առաջ այսօր, ինչպես նախորդ պատերազմում»։
40 Կրակե ազդանշանը ծավալվելով բարձրացավ քաղաքի վրա, ինչպես ծխի սյուն։ Բենիամինի մարդիկ հետ նայեցին և տեսան, որ քաղաքի հրդեհի բոցերը երկինք են բարձրանում։
41 Իսրայելի այրերը նորից հետ դարձան. Բենիամինի մարդիկ տագնապեցին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։
42 Նրանք Իսրայելի մարդկանցից փախան անապատի ճանապարհով, բայց պատերազմողները հասան նրանց, և քաղաքից դուրս եկող իսրայելացիներն սպանում էին նրանց՝ իրենց մեջ առնելով։
43 Բենիամինի մարդկանց նրանք ջարդեցին և հետապնդեցին Նուից մինչև Գաբաայի դիմացը՝ արևելյան կողմից։
44 Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. նրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։
45 Մնացածները, տեսնելով այդ, փախան դեպի անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինից հինգ հազար մարդ կոտորեցին, հետապնդեցին նրանց մինչև Գաղաադ և նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։
46 Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար հարյուր սուսերակիրներ էին, բոլորն էլ զորավոր մարդիկ։
47 Մնացածները՝ վեց հարյուր մարդ, խույս տալով փախան անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին, և Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։
48 Իսկ Իսրայելի մարդիկ հետ դառնալով հարձակվեցին Բենիամինի որդիների վրա։ Նրանց հերթով սրի քաշեցին, մինչև իսկ անասուններին և ամեն բան, որ գտան յուրաքանչյուր քաղաքում։ Իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին և այրեցին հրով։