Judges 14
1 Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։
2 Նա գնաց պատմեց իր հորն ու մորը և ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսա. արդ, նրան ինձ համար կի՛ն առեք»։
3 Նրա հայրն ու մայրն ասացին նրան. «Մի՞թե կին չկա քո ազգակիցների աղջիկների և իմ ամբողջ ժողովրդի մեջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հորը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետև նա հաճելի է իմ աչքին»։
4 Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։
5 Սամփսոնն իր հոր և մոր հետ իջավ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մեջ և ահա առյուծի մի կորյուն մռնչաց նրա վրա։
6 Տիրոջ հոգին աջակցեց նրան, և նա պատռեց առյուծին, ինչպես մի ուլի, թեպետ նրա ձեռքին զենք չկար։ Նա իր արածը չպատմեց իր հորն ու մորը։
7 Նրանք եկան, խոսեցին կնոջ հետ, և կինը հաճելի թվաց Սամփսոնին։
8 Մի քանի օր հետո, երբ հետ դարձավ այդ աղջկան կնության առնելու, ճանապարհը շեղեց՝ առյուծի դիակը տեսնելու համար և տեսավ, որ առյուծի բերանի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։
9 Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։
10 Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ յոթ օր հարսանիք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։
11 Նրանք, երբ տեսան Սամփսոնին, նրան երեսուն ուղեկից կարգեցին, որոնք նրա մոտ մնացին։
12 Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։
13 Իսկ եթե չկարողանաք լուծել, դուք կտաք ինձ երեսուն սավան և երեսուն պատմուճան»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, և լսենք այն»։
14 Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, հզորից՝ քաղցրություն»։ Երեք օր չկարողացան նրա հանելուկը լուծել։
15 Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։
16 Սամփսոնի կինը լաց եղավ ամուսնու մոտ և ասաց նրան. «Դու ատում ես ինձ և չես սիրում, որովհետև այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես հայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հորն ու մորը չեմ հայտնել, հիմա քե՞զ պիտի հայտնեմ»։
17 Եվ խնջույքի յոթ օրերին կինը լաց եղավ նրա մոտ։ Յոթերորդ օրը Սամփսոնը հայտնեց նրան, որովհետև նա թախանձում էր։ Կինն էլ հայտնեց իր ժողովրդի որդիներին։
18 Յոթերորդ օրը՝ արևամուտից առաջ, քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր և ի՞նչն է առյուծից հզոր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։
19 Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին. նա իջավ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց և նրանց տոնական հանդերձներն առավ և տվեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացավ և գնաց իր հոր տուն,
20 իսկ Սամփսոնի կինն ամուսնացավ նրա ուղեկիցներից մեկի հետ, որ նրա ընկերն էր։