Joshua 4
1 Երբ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.
2 «Դու ժողովրդից տասներկու ա՛յր վերցրու, ամեն ցեղից մի այր,
3 հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. “Այդտեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների կանգնած ոտնատեղերից տասներկու մեծ քարե՛ր վերցրեք և տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք ձեր բանակատեղիում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։
4 Հեսուն կանչեց Իսրայելի փառավոր որդիներից ընտրված տասներկու այրերի, յուրաքանչյուր ցեղից մեկ այր,
5 և նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մոտեցե՛ք Տիրոջը հանդիման՝ Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ այնտեղից Իսրայելի ցեղերի թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին,
6 որպեսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի. “Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար”,
7 դու կպատմես քո որդուն ու կասես. “Հորդանան գետի ջրերը ցամաքեցին ողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով”։ Եվ թող այս քարերը հավիտյան հիշատակ լինեն Իսրայելի որդիների մեջ»։
8 Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց Հեսուին։ Իսրայելի որդիների անցնելուց հետո Հորդանան գետի միջից տասներկու քարեր վերցնելով՝ իրենց հետ տարան բանակատեղի և դրեցին այնտեղ։
9 Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։
10 Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ Հեսուն ավարտեց հաղորդել այն ամենը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպես, ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապեց ու անցավ գետը։
11 Երբ ամբողջ ժողովուրդն անցավ, անցան նաև Տիրոջ Ուխտի տապանակն ու տասներկու քարերը և կանգնեցին ժողովրդի առաջ։
12 Իսրայելի որդիների առջևն անցան նաև Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղի որդիները, սպառազինված, ինչպես նրանց պատվիրել էր Մովսեսը։
13 Կռվի պատրաստ քառասուն հազար սպառազինյալներ անցան Տիրոջ առջևով՝ պատերազմելու Երիքով քաղաքի դեմ։
14 Այդ օրը Տերը մեծարեց Հեսուին Իսրայելի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպես որ վախենում էին Մովսեսից նրա կենդանության բոլոր օրերին։
15 Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.
16 «Հրամա՛ն տուր վկայության Ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։
17 Եվ Հեսուն հրաման տվեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։
18 Երբ Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Հորդանան գետից և ոտք դրեցին ցամաքի վրա, Հորդանան գետի ջուրը հետ իր տեղը դարձավ և հոսեց իր ամբողջ հունով, ինչպես երեկ և նախորդ օրը։
19 Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։
20 Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում։
21 Նա ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն և ասեն՝ “Այս ի՞նչ քարեր են”,
22 պատմե՛ք ձեր որդիներին, թե ինչպես Իսրայելը ցամաքով անցավ Հորդանան գետով,
23 երբ Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց Հորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչև որ անցան։
24 Այնպես, ինչպես որ արեց Տերը՝ մեր Աստվածը, Կարմիր ծովում, որը Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք,
25 որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զորությունը, և որպեսզի դուք միշտ պաշտեք Տիրոջը՝ մեր Աստծուն»։