Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Joshua 1

:
Armenian - NEA
1 Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.
2 «Մովսեսը՝ իմ ծառան, վախճանվեց, արդ, վե՛ր կաց և քո ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր Հորդանան գետը դեպի այն երկիրը, որ ես տալու եմ Իսրայելի որդիներին։
3 Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կկոխեն, ձեզ կտամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին.
4 անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։
5 Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
6 Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
7 Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։
8 Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։
9 Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
10 Եվ Հեսուն պատվիրեց ժողովրդի դպիրներին՝ ասելով. «Մտե՛ք ժողովրդի բանակի մեջ և հրաման տալով ժողովրդին՝ ասե՛ք.
11 “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։
12 Հեսուն խոսեց նաև Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի հետ և ասաց.
13 «Հիշե՛ք Տիրոջ խոսքը, որ հաղորդեց ձեզ Մովսեսը՝ նրա ծառան՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, տեղավորեց ձեզ և տվեց ձեզ այս երկիրը։
14 Ձեր կանայք, ձեր մանուկները և ձեր անասունները թող ապրեն այս երկրում, որը ձեզ տվեց Մովսեսը Հորդանան գետի այս կողմում։ Իսկ դուք զինված անցե՛ք ձեր եղբայրներից առաջ և ամբողջ զորությամբ մարտակի՛ց եղեք նրանց,
15 մինչև որ Տերը՝ ձեր Աստվածը, ձեր եղբայրներին էլ տեղավորի, ինչպես որ ձեզ տեղավորեց, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց։ Ապա յուրաքանչյուրդ հե՛տ կդառնաք ձեր ժառանգության երկիրը և կժառանգե՛ք այն, որը ձեզ տվեց Մովսեսը՝ Տիրոջ ծառան, Հորդանան գետի արևելյան կողմում”»։
16 Պատասխան տալով՝ Հեսուին ասացին. «Ամեն ինչ, որ պատվիրում ես մեզ, կանենք և կգնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկես մեզ,
17 և ամեն բանում ինչպես որ լսում էինք Մովսեսին, այդպես էլ կլսենք և քեզ, միայն թե Տերը՝ մեր Աստվածը, քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։
18 Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։