1Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին, և ասաց.
2«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։
3Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։
4Տերը հողմ բարձրացրեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովի վրա, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։
5Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում։
6Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, կանչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, Աստված թերևս փրկի մեզ, և կորստյան չմատնվենք»։
7Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
8Նրան ասացին. «Պատմի՛ր մեզ՝ ինչո՛ւ են այս չարիքները մեզ վրա, ի՛նչ արհեստ ունես, որտեղի՛ց ես գալիս կամ ո՛ւր ես գնում, ո՛ր երկրից ես կամ ո՛ր ժողովրդից»։
9Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։
10Մարդիկ խիստ վախեցան և ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել», որովհետև իմացան, որ փախել էր Տիրոջ երեսից, քանի որ պատմեց նրանց։
11Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզնից հանգստանա», քանի որ ծովն է՛լ ավելի էր ալեկոծվել և փոթորիկ էր բարձրացնում նրանց վրա։
12Հովնանն ասաց նրանց. «Ինձ վերցրե՛ք ծովը գցեք, և ծովը ձեզնից կհանգստանա, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ մրրիկը ձեր դեմ»։
13Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ։
14Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող կորստյան չմատնվենք այս մարդու անձի պատճառով, արդար արյուն մի՛ բեր մեզ վրա, քանի որ դու, Տե՛ր, ինչպես կամեցար՝ արեցիր»։
15Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծությունից։
16Մարդիկ խիստ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը և ուխտ կնքեցին։