Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

John 3

:
Armenian - NEA
1 Փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։
2 Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։
3 Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։
4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարելի է իր մոր որովայնը կրկին մտնել ու ծնվել»։
5 Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել.
6 որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։
7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ ձեզ պետք է վերստին ծնվել.
8 որովհետև քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղի՛ց է գալիս կամ ո՛ւր է գնում. այսպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված»։
9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։
10 Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։
11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք, ինչ գիտենք, և վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։
12 Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։
13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր։
14 Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա,
15 որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։
16 Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
17 որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։
18 Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց։
19 Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
20 Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։
21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի դառնան, թե Աստծով կատարվեցին»։
22 Այնուհետև Հիսուսը և իր աշակերտները Հուդայի երկիրը եկան։ Նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։
23 Իսկ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին,
24 քանի որ Հովհաննեսին դեռևս չէին բանտարկել։
25 Եվ ահա Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։
26 Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։
27 Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից, այդ տրված չէ։
28 Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, թե ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկված եմ նրա առաջից։
29 Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
30 Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ նվազի»։
31 «Նա՝ ի վերուստ եկողը, վեր է ամենքից. իսկ այս երկրից եղողը երկրավոր է և երկրավոր բաների մասին է խոսում։
32 Նա՝ երկնքից եկողը, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։
33 Նրա վկայությունն ընդունածը հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է,
34 քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում. որովհետև Աստված Հոգին առանց չափի է տալիս։
35 Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։
36 Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։