John 19
1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել։
2 Իսկ զինվորները, փշե պսակ շինելով, դրեցին նրա գլխին և ծիրանի զգեստ հագցրին։
3 Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։
4 Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
5 Ապա Հիսուսը դուրս ելավ. փշե պսակ ուներ ու ծիրանի զգեստ։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա՛, ձեր մարդը թող ձեզ լինի»։
6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Վերցրե՛ք նրան ձեզ և ինքնե՛րդ խաչը հանեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։
8 Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, առավել ևս վախեցավ։
9 Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։
10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ և՛ խաչը հանելու, և՛ ազատ արձակելու»։
11 Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
12 Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։
13 Իսկ երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա՝ Քարահատակ, եբրայերեն՝ Կապպաթա, կոչված վայրում։
14 Զատկին պատրաստվելու օրն էր, վեցերորդ ժամին մոտ։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա՛, ձեր թագավորը թող ձեզ լինի»։
15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ, վերացրո՛ւ դրան մեր միջից և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ես ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք այլ թագավոր չունենք, կայսրից բացի»։
16 Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Եվ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։
17 Խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր Գագաթ, եբրայերեն՝ Գողգոթա, կոչված վայրը,
18 որտեղ էլ խաչը հանեցին նրան և նրա հետ՝ երկու ուրիշների էլ այս ու այն կողմից, իսկ մեջտեղում՝ Հիսուսին։
19 Պիղատոսը մի տախտակ էլ սարքեց ու դրեց խաչի վրա. գրված էր՝ «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։
20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև Հիսուսի խաչելության տեղը մոտ էր քաղաքին (տախտակն էլ գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն)։
21 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ “Հրեաների թագավոր”, այլ թե՝ “նա ասաց, որ Հրեաների թագավորն եմ”»։
22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։
23 Իսկ զինվորները Հիսուսին խաչը հանելուց հետո վերցրին նրա հագուստներն ու չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս։ Պատմուճանն էլ վերցրին, բայց քանի որ այն առանց կարի էր՝ միակտոր, վերևից ներքև ամբողջովին հյուսած,
24 ուստի միմյանց ասացին. «Եկեք այն իզուր չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ հագուստներն իրար մեջ բաժանեցին ու իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» ։ Զինվորներն այս ամենն արեցին։
25 Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։
26 Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։
27 Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր մոտ վերցրեց։
28 Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։
29 Այնտեղ քացախով լի մի աման կար. լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին, դրեցին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։
30 Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
31 Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ էր, և որպեսզի մարմինները մինչև շաբաթ չմնային խաչի վրա (քանի որ այն շաբաթը տոնի մեծ օրն էր), Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքներն ու վերցնեն նրանց։
32 Զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, այնուհետև նրա հետ խաչ հանված մյուսինը։
33 Իսկ երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։
34 Սակայն զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր ելավ։
35 Այս բանը տեսնողը վկայեց, և ճշմարիտ է նրա վկայությունը, քանզի գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք։
36 Այս ամենը պատահեց, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» ։
37 Եվ դարձյալ, ըստ մյուս գրվածի՝ «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» ։
38 Այնուհետև արիմաթեացի Հովսեփը՝ հրեաների վախի պատճառով Հիսուսի թաքուն աշակերտը, Պիղատոսին աղաչեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Պիղատոսն անմիջապես հրաման տվեց, և եկան ու վերցրին Հիսուսի մարմինը։
39 Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով էր Հիսուսի մոտ եկել, հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։
40 Վերցրին Հիսուսի մարմինը և ըստ հրեաների սովորության՝ պատեցին կտավներով ու խնկերով։
41 Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրվել։
42 Հրեաների ուրբաթի պատճառով, քանի որ գերեզմանը մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։