Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

John 1

:
Armenian - NEA
1 Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։
2 Նա սկզբից Աստծու մոտ էր։
3 Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։
4 Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։
5 Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։
7 Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։
8 Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։
9 Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։
10 Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։
11 Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։
12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։
13 Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։
14 Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
15 Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։
16 Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք,
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
19 Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
20 նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»։
21 Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։
22 «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»։
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը», ինչպես ասաց Եսայի մարգարեն։
24 Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։
25 Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։
26 Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում,
27 որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։
29 Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։
30 Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։
31 Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։
32 Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։
33 Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։
34 Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։
35 Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։
36 Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։
37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։
38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։
39 Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։
40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։
42 Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։
43 Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։
44 Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։
45 Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։
46 Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։
47 Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
48 Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
49 Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։
50 Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես հիմա, քանի որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։
51 Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»։