Joel 1NEA

1Տիրոջ պատգամը, որ եղավ Բաթուելի որդի Հովելին Եզեկիայի օրերին։

2Լսե՛ք այս, ծերե՛ր, ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի օրերում։

3Պատմե՛ք սա ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, և նրանց որդիները՝ ուրիշ սերնդի։

4Թրթուրի մնացորդները մորեխը կերավ, մորեխի մնացորդները ջորյակը կերավ, և ջորյակի մնացորդները կերավ երևիլը։

5Սթափվե՛ք, գինուց հարբածնե՛ր, լացե՛ք և սգացե՛ք բոլորդ, որ խմում եք գինին մինչև հարբելը, որովհետև վերցվեց ձեր բերանից ուրախությունն ու խնդությունը։

6Քանի որ մի հզոր և անթիվ ազգ ելավ իմ երկրի դեմ. նրա ատամները՝ առյուծի ատամներ, և նրա ժանիքներն առյուծի կորյունի ժանիքներ են։

7Ավերեց իմ որթատունկը և իմ թզենիները ոչնչացրեց, ամբողջությամբ ցնցեց ու գցեց այն և կեղևահան արեց նրա ճյուղերը։

8Ողբա՛ ինձ, ինչպես քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու համար։

9Զոհաբերություններն ու պատարագները վերացան Տիրոջ տնից. սո՛ւգ արեք, քահանանե՛ր՝ զոհասեղանի պաշտոնյանե՛ր,

10քանի որ ավերվեցին դաշտերը։ Թող սուգ անի երկիրը, որովհետև ապականվեց ցորենը, ցամաքեց գինին, նվազեց ձեթը։

11Ողբացե՛ք, մշակնե՛ր՝ ունեցվածքով հանդերձ, ցորենի և գարու վրա, որովհետև վերացավ այգեկութն ագարակից,

12ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։

13Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։

14Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։

15Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա

16ձեր աչքերի առաջ. ձեր Աստծու տնից պակասեցին կերակուրները, ուրախությունն ու խնդությունը։

17Խայտացին երինջներն իրենց մսուրներում, ավերվեցին գանձարանները, կործանվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։

18Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների հոտերը, որովհետև նրանք արոտավայր չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։

19Քեզ եմ աղաղակելու, Տե՛ր, որովհետև հուրը ոչնչացրեց անապատի գեղեցկությունը, և բոցն այրեց ագարակի բոլոր ծառերը։

20Վայրի երեն քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրերի վտակները, և հուրը կերավ անապատի գեղեցկությունը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Joel 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.