Jeremiah 7NEA

1Ահա այն պատգամը, որ Տերը տվեց Երեմիային՝ ասելով.

2«Կանգնի՛ր Տիրոջ տան դռան մոտ և այնտեղ կարդա՛ այս խոսքերն ու ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛ղջ Հուդա, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը։

3Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Ուղղե՛ք ձեր ընթացքն ու վարքը, և ձեզ կբնակեցնեմ այս վայրում։

4Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։

5Եթե իսկապես ուղղեք ձեր ընթացքն ու վարքը, եթե այր մարդու և նրա ընկերոջ միջև օրենք ու արդարություն պահեք,

6օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք,

7ապա ձեզ կբնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ հավիտյանս հավիտենից տվեցի ձեր հայրերին։

8Իսկ եթե դուք սուտ խոսքերին ապավինեք, ինչից ոչ մի օգուտ չեք ունենալու,

9և գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։

10Ու դուք կգաք, կկանգնեք իմ առաջ, այս Տան մեջ, որի վրա իմ անունն է դրված, և կասեք. “Հրաժարվեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց”։

11Մի՞թե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ահավասիկ ես տեսա,- ասում է Տերը։-

12Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։

13Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։

14Այդ տան հետ, որի վրա դրված է իմ անունը, և որտեղ դուք ապաստան եք գտել, նույնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաև այն երկրի հետ, որ տվեցի ձեզ և ձեր հայրերին։

15Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպես գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։

16«Դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմություն մի՛ խնդրիր և մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհվիր դրանց համար, որովհետև քեզ չեմ լսելու։

17Չե՞ս տեսնում, թե ինչե՛ր են անում դրանք Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի ճանապարհներին.

18նրանց որդիները փայտ են հավաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի զորությունների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նվիրում օտար աստվածներին, որպեսզի բարկացնեն ինձ։

19Բայց մի՞թե ինձ են բարկացնում,- ասում է Տերը,- թե՞ իրենք իրենց, որովհետև ամաչելու են իրենք»։

20Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։

21Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ձեր ողջակեզները ձեր զոհերի հետ հավաքե՛ք և մի՛ս կերեք։

22Ձեր հայրերի հետ ոչինչ չխոսեցի և ոչ էլ պատվեր տվեցի նրանց ողջակեզների և զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի եգիպտացիների երկրից։

23Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։

24Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետևեցին իրենց չար սրտերի խորհուրդներին ու հետ գնացին և ոչ թե առաջ

25այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան եգիպտացիների երկրից։ Ու ես ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի ամեն օր, առավոտ կանուխ։

26Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։

27Այս խոսքերը դու կասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կկանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տա։

28Եվ դու կասես նրանց. “Սա այն ազգն է, որ չանսաց Տիրոջ՝ իր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հավատքը նվազեց, և ճշմարտությունը վերացավ նրա բերանից”»։

29«Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետև Տերը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում։

30Արդարև,- ասում է Տերը,- Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ. իրենց գարշելի աստվածներին կարգեցին իմ անունը կրող տան մեջ, որպեսզի պղծեն այն։

31Նաև Ենովմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մեջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս անցկացրի։

32Ահա թե ինչու գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասի Տափեթի բագին կամ Ենովմացիների ձոր, այլ Սպանվածների ձոր և, տեղի պակասության պատճառով մեռելներին թաղելու են հենց Տափեթի մեջ։

33Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։

34Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.