1Այս է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային՝ ասելով.
2«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։
3Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։
4Սրանք են այն խոսքերը, որ խոսեց Տերն Իսրայելի և Հուդայի մասին։
5Այսպես է ասում Տերը. «Սարսափի ձայն պիտի լսեք, ձայնը ահեղ գույժի, որից մարդկանց մեջքերը պիտի դողան, և փրկություն ու խաղաղություն չպիտի լինի։
6Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե երբևէ արուն ծնե՞լ է. որովհետև ամեն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մեջքին պահած, ինչպես ծննդկան կինը, և բոլորի դեմքի գույնը դալուկ դարձած.
7քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։
8Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլևս օտարներին չեն ծառայելու,
9այլ ծառայելու են Տիրոջը՝ իրենց Աստծուն. նրանց պիտի տամ Դավիթ արքայի նման մեկին։
10Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
11Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։
12Այսպես է ասում Տերը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարվածները ցավագին են,
13քո դատը պաշտպանող չկա։ Դու բժշկվեցիր քո ցավերից, բայց դա քեզ օգուտ չբերեց։
14Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։
15Քո կրած հարվածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացնում։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցավերը. դրանք սաստկացան քո բազում անօրենությունների պատճառով, դրանք քո մեղքերի հետևանքն են։
16Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։
17Քո ցավագին վերքերին բժշկություն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ,- ասում է Տերը,- որովհետև, Սիո՛ն, դու աստանդական կոչվեցիր. ասացին. “Դա է ձեր որսը, բայց ով փնտրի, չի գտնի նրան”»։
18Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։
19Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, և նրանք չպիտի թուլանան։
20Նրանք առաջվա պես ելումուտ պիտի անեն. նրանց վկայություններն իմ աչքին հաստատուն պիտի դառնան։ Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,
21և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-
22Դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար կլինեմ Աստված»։
23Ահա Տիրոջ բարկությունը ցասմամբ բորբոքվեց, մրրիկի պես բորբոքվեց նրա բարկությունն ամբարիշտների վրա։
24Տիրոջ բարկությունն ու զայրույթը կգան ու հետ չեն շրջվի, մինչև որ նա կատարի իր սրտի կամքը։ Վերջին օրերին դուք կհասկանաք դա։