1Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց. «Գնա՛, երուսաղեմացիների ականջներին ծանուցի՛ր ու ասա՛.
2Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։
3Իսրայելը սուրբ է Տիրոջ համար. «Տիրոջն է նրա պտուղների առաջինը։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրա»,- ասում է Տերը։
4Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի բոլո՛ր տոհմեր։
5Այսպես է ասում Տերը. «Ձեր հայրերն ի՞նչ սխալ գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և սնոտի աստվածների հետևից գնալով՝ սնահավատ դարձան։
6Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։
7Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։
8Եվ քահանաները չասացին. “Ո՞ւր է Տերը”։ Իմ օրենսգետներն ինձ չճանաչեցին, հովիվներն ամբարշտացան իմ դեմ, և մարգարեները Բահաղի անունով մարգարեություն արին ու անօգուտ բաների հետևից գնացին»։
9«Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ,- ասում է Տերը,- պիտի դատեմ նաև ձեր որդիների որդիներին։
10Արդ, անցե՛ք քետիմացիների կղզիներն ու նայե՛ք, մա՛րդ ուղարկեք նաև Կեդար ու լա՛վ տեղեկացեք, տեսեք՝ եղե՞լ է այդպիսի բան,
11որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։
12Այդ բանի վրա ապշեց երկինքը և խիստ սոսկաց,- ասում է Տերը,-
13քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։
14Մի՞թե Իսրայելը ծառա է, կամ Հակոբը՝ ստրո՞ւկ, որ ավարի մատնվեցին։
15Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։
16Մեմփացիների ու տափնացիների որդիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին։
17Մի՞թե դրա պատճառն այն չէր,- ասում է Տերը՝ քո Աստվածը,- որ այն ժամանակ դու լքեցիր ինձ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով։
18Եվ հիմա ի՞նչ ես փնտրում եգիպտացիների ճանապարհին. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել և կամ ի՞նչ ես փնտրում ասորեստանցիների ճանապարհին. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։
19Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
20Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ ”։
21Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
22Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-
23Ինչպե՞ս ես ասում. “Չեմ պղծվել և չեմ գնացել Բահաղի հետևից”։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում և իմացի՛ր, թե ի՛նչ ես արել։
24Ամեն երեկո նրա լացի ձայնը տարածվեց իր ճանապարհներին. հաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկության պատճառով այսահար դարձավ։ Անձնատուր եղավ իր կրքերին, և ո՞վ հետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կփնտրեն նրան, նեղություն չեն կրի. իր տառապանքների մեջ կգտնեն նրան։
25Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից և քո կոկորդը՝ ծարավից։ Իսկ նա ասում է. “Ուժս տեղն է”, որովհետև նա սիրում էր օտար աստվածներին և գնում նրանց հետևից»։
26«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։
27Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։
28Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։
29Ինչո՞ւ եք խոսում ինձ հետ, որովհետև դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրեն եղաք իմ դեմ,- ասում է Տերը։
30Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։
31Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։
32Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։
33Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սեր գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպես արեցիր, այլև նույնիսկ անզգամացար և պղծեցիր քո ճանապարհները։
34Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։
35Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։
36Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։
37Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի»։