1Այժմ ուրեմն, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք ձեր գլխին գալիք թշվառությունների համար
2որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր դարձած։
3Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտած են. նրանց ժանգը ձեր դեմ իբրև վկայություն պիտի լինի և կրակի պես ուտի ձեր մարմինը. գանձե՛ր դիզեք վերջին օրերի համար։
4Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։
5Երկրի վրա վայելեցիք ու զվարճացաք և ձեր սրտերը սնուցեցիք մորթվելու օրվա համար։
6Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որ չհակառակվեց ձեզ։
7Եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Ահա մշակը համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև ստանա առաջին ու վերջին անձրևը։
8Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է։
9Մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք, քանզի դատավորն ահավասիկ դռանն է։
10Եղբայրնե՛ր, որպես չարչարանքների և համբերության օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք քարոզեցին Տիրոջ անունով։
11Չէ՞ որ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը ինչ արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած։
12Ամեն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր «այո»-ն «այո» թող լինի, և «ոչ»-ը՝ «ոչ», որպեսզի դատաստանի տակ չընկնեք։
13Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.
14հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն և յուղով օծեն նրան Տիրոջ անունով։
15Հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի, իսկ գործած մեղքն էլ նրան կներվի։
16Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
17Եղիան մարդ էր մեզ բոլորիս նման. նա հանկարծ աղոթեց, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց։
18Ապա դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։
19Եղբայրնե՛ր իմ, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի,
20թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը կփրկի մի հոգի մահվանից և կմաքրի բազում մեղքերը։