1Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։
2Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։
3Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
4Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։
5Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
6Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
7Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
8Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
9Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։
10Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել
11նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։
12Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։