Isaiah 40NEA

1«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,-

2դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։

3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։

4Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։

5Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։

6Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։

7Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,

8բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։

9Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։

10Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։

11Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։

12Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։

13Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ նրան իբր խելամիտ դարձնելու համար։

14Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։

15Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝ դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա և կամ բերանից ցայտող շիթերի։

16Այրելու համար Լիբանանը բավական չէ, բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն,

17և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչություն են համարվում։

18Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։

19Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։

20Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։

21Մի՞թե չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։

22Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։

23Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում,

24որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։

25«Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին հավասար լինեի»,- ասում է Իսրայելի Սուրբը։

26Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։

27Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։

28Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։

29Նա քաղցածներին ուժ է տալիս, իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։

30Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի հոգնեն, ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,

31իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Isaiah 40.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.