1Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։
2Ձեր քաղաքը լցվեց գուժկաններով։ Ո՛վ պերճացյալ քաղաք, քո վիրավորները սուսերով վիրավորվածներ չեն, և քո դիակները պատերազմում ընկած դիակներ չեն։
3Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերյալներդ խստորեն կալանավորված են, քո հզորները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մեջ են։
4Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։
5Արդարև, Զորությունների Տիրոջ կողմից խռովության, ոտնատակ տալու և շփոթության օր է Սիոնի հովտում. մեծ ու փոքր, առհասարակ մոլորված, թափառում են լեռների վրա։
6Իսկ էլամացիները, կապարճներ առած, ձի հեծած և հարձակվող գնդերով պիտի գան,
7և քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցվեն կառքերով, հեծյալները երիվարներով պիտի խցանեն քո դարպասները։
8Նրանք պիտի կործանեն Հուդայի դարպասները և այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր-ընտիր ապարանքները,
9ի հայտ պիտի բերեն Դավթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եվ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դեպի քաղաք,
10պիտի քանդեն Երուսաղեմի ապարանքները՝ քաղաքի պարիսպներն ամրացնելու նպատակով։
11Իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը՝ հին ջրմուղից ավելի ներս, ջուր պիտի հանեք ձեզ համար՝ առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ սկզբից շինել էր այն՝ առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու։
12Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
13Իսկ նրանք ուրախություն ու ցնծություն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։
14Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։
15Այսպես է ասում Տերը, Զորությունների Տերը. «Դու գնա՛, մտի՛ր դիվան՝ Սոմնաս գանձապետի մոտ, և ասա՛ նրան.
16“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։
17Ահավասիկ Զորությունների Տերը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից
18և փառապսակից։ Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, և այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկա պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տա։
19Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկվես։
20Այն օրը պիտի կանչեմ իմ ծառա Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն,
21նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, նրան պիտի տամ քո պսակն իր ճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և նա հայր թող դառնա Երուսաղեմի ու Հուդայի բնակիչների համար։
22Դավթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, և ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։
23Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, և թող նա բազմի իր հոր տան փառքի աթոռին։
24Նրան պիտի ապավինեն իր հոր տան բոլոր պատվավոր մարդիկ՝ փոքրերից մինչև մեծամեծները։ Բոլոր անոթները՝ մանր թե մեծ, մինչև կարասները, նա պիտի բացի, և ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, և ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամեն ինչ կախված է լինելու նրանից։
25Այսպես է ասում Զորությունների Տերը. «Աներեր մարդը պիտի շարժվի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանվի, և նրա փառքը պիտի վերանա նրանից»,- քանզի Տե՛րը խոսեց։