Isaiah 2NEA

1Պատգամ, որ ստացավ Ամոզի որդի Եսային Հուդայի և Երուսաղեմի մասին։

2Վերջին օրերին Տիրոջ լեռը պիտի ակներև դառնա, Աստծու տունը լեռների գագաթներին պիտի լինի ու պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր ազգերը պիտի գան դեպի նա։

3Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։

4Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս պատերազմել չեն սովորելու։

5Արդ, Հակոբի՛ ժառանգնե՛ր, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսի մեջ։

6Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, և նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։

7Նրանց երկիրը լցվեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիվ չկար. նրանց երկիրը լցվեց երիվարներով, նրանց կառքերին թիվ չկար։

8Նրանց երկիրը լցվեց իրենց ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։

9Ստորացավ մարդը, մինչև գետին խոնարհվեց տղամարդը, Նրանց մի՛ ներիր, Տե՜ր։

10Արդ, Տիրոջ սարսափից ու նրա զորության փառքից գնացեք քարերի տա՛կ մտեք, հողի մե՛ջ թաքնվեք, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։

11Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,

12քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,

13նաև Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների դեմ և Բասանի բոլոր կաղնի ծառերի դեմ,

14բոլոր բարձր լեռների և բարձրացած բլուրների դեմ,

15բոլոր վերասլաց աշտարակների և բարձր պարիսպների դեմ,

16ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։

17Ամեն մարդ պիտի խոնարհվի, մարդկանց հպարտությունը պիտի իջնի, և միայն Տերը պիտի բարձրանա այդ օրը։

18Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն

19թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։

20Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի մերժի՝

21Տիրոջ սարսափից և նրա զորության փառքից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տերը կհառնի՝ երկիրը պատուհասելու։

22Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Isaiah 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.