Isaiah 13NEA

1Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։

2Հարթ լեռան վրա դրո՛շ կանգնեցրեք, ձեր ձայնը բարձրացրե՛ք նրանց վրա, մի՛ վախեցեք, ձեռքով նշա՛ն արեք, բացե՛ք, իշխաննե՛ր,

3և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։

4Լեռների վրա բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին,

5որ գան հեռու երկրից, երկնային հաստատության ծայրերից։ Հասել է Տերն իր սպառազեններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը։

6Ողբացե՛ք, քանի որ մոտ է Տիրոջ օրը, և հասել է Աստծու պատուհասը։

7Ահա թե ինչու բոլոր ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։

8Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, պիտի տանջվեն, ինչպես երկունքի ցավով բռնված ծննդաբերող կանայք։ Փռնչալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը,

9քանզի ահավասիկ հասել է Տիրոջ օրը՝ լի անսահման բարկությամբ, ոխակալությամբ ու զայրույթով, որպեսզի երկիրն անապատ դարձնի և մեղավորներին այնտեղից վերացնի։

10Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի ] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։

11Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։

12Իսկ մնացածներն ավելի հարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն ավելի արժեք պիտի ունենա, քան Սոփերի թանկագին քարերը։

13Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։

14Կենդանի մնացածները պիտի լինեն սարսափից փախած այծյամի և մոլորյալ ոչխարի պես, նրանց հավաքող չի լինելու. ամեն մարդ իր ժողովրդի մոտ պիտի վերադառնա, յուրաքանչյուր մարդ իր երկիրը պիտի փախչի։

15Ով բռնվի, պարտության պիտի մատնվի, իսկ մի տեղ հավաքվածները սրով պիտի ընկնեն։

16Նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն։

17Ահա ձեզ վրա պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։

18Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքը չի խնայելու ձեր մանուկներին։

19Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։

20Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։

21Այնտեղ բույն են դնելու վայրի գազանները, նրանց տները լցվելու են աղաղակով, այնտեղ են հանգիստ առնելու համբարուները, դևերն են պարելու այնտեղ,

22հուշկապարիկներն են բնակվելու նրա մեջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։ Պիտի գա ժամանակը, շտապ հասնի, չի հապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Isaiah 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.