Isaiah 11NEA

1Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։

2Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին.

3Աստծու երկյուղի հոգին պիտի լցնի այն։ Ո՛չ ըստ երևացածի պիտի դատի նա և ո՛չ էլ ըստ խոսքերի հանդիմանի։

4Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։

5Արդարությամբ պիտի գոտևորի իր մեջքը և ճշմարտությամբ կապի իր կողերը։

6Գայլն ու գառը միասին պիտի ճարակեն, ընձառյուծն ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առյուծը միասին պիտի ճարակեն, և մատաղատի մանուկը պիտի հովվի նրանց։

7Եզն ու արջը միասին պիտի ճարակեն, նրանց ձագերը միասին պիտի շրջեն, և առյուծը, ինչպես եզը, հարդ պիտի ուտի։

8Մատաղ մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բույնը և իժերի ձագերի բույնը,

9ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։

10Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։

11Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։

12Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։

13Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։

14Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։

15Տերն անապատ պիտի դարձնի Եգիպտոսի ծովը և սպառնալիքով իր ձեռքը պիտի երկարի Եփրատի վրա և ուժեղ փչելով՝ այն յոթ առուների պիտի վերածի, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այն։

16Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Isaiah 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.