Haggai 2NEA

1Յոթերորդ ամսում, որ ամսվա քսանմեկերորդ օրն էր, Տերը խոսեց Անգեոս մարգարեի միջոցով և ասաց.

2«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն, Հեսուին՝ Հովսեդեկ քահանայապետի որդուն, և ժողովրդի բոլոր մնացորդներին.

3“Ձեզնից ո՞վ տեսած կլինի այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն. կարծես ոչինչ է ձեր առջև”»։

4«Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս,

5և իմ Հոգով, որ կա ձեր մեջ, քաջալերվե՛ք»։

6Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ կշարժեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը։

7Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։

8Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,-

9որպեսզի այդ տան վերջին փառքը լինի ավելի մեծ, քան նախկինինը,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ այդ տեղին խաղաղություն կտամ,- ասում է Ամենակալ Տերը,- հոգիների՛ խաղաղություն, փրկություն ամեն մեկի, ով կաշխատի ոտքի հանել այդ տաճարը»։

10Իններոդ ամսվա քսանչորսին՝ Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեին, և ասաց.

11«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Հարցրո՛ւ օրենքը ձեր քահանաներից և ասա՛.

12“Եթե մարդ սրբագործված միս դնի իր հագուստի քղանցքի մեջ, և իր հագուստը դիպչի հացի կամ թանի, կամ գինու, կամ յուղի, կամ որևէ կերակուրի, մի՞թե այն կսրբանա”»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ ո՛չ։

13Եվ Անգեոսն ասաց. «Եթե պիղծը կամ հոգով անսուրբը դիպչի դրանցից որևէ մեկի, մի՞թե այն կպղծվի»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ կպղծվի։

14Պատասխան տվեց Անգեոսը և ասաց. «Նույնպես և այս ժողովուրդը, նույնպես և այս ազգը՝ իմ առաջ,- ասում է Տերը,- նույնպես և նրանց ձեռքերի բոլոր գործերը. ինչ որ դիպչի նրանց, կպղծվի նրանց նախկին հափշտակությունների պատճառով, և կմորմոքեն իրենց չարիքների երեսից. և ատեցիք դռների առաջ հանդիմանողներին»։

15«Եվ արդ, դրե՛ք ձեր սրտում այս օրվանից և սրանից առաջ, երբ դեռ Տիրոջ տաճարի քարը քարի վրա չէր դրվել։

16Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։

17Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։

18Կարգի բերե՛ք ձեր սրտերն այս օրվանից և սրանից հետո, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից և այն օրվանից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց։ Դրե՛ք ձեր սրտերում.

19մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։

20Եվ Տիրոջ խոսքը դարձյալ եղավ Անգեոս մարգարեին ամսի քսանչորսին, և ասաց.

21«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը.

22կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։

23Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- Զորաբաբե՛լ, Սաղաթիելի որդի՛, կվերցնեմ քեզ՝ իմ ծառային, և կդնեմ քեզ որպես կնիք, քանի որ քեզ ընտրեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Haggai 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.