1Ամբակում մարգարեի աղոթքը՝ երգով։
2«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։
3Աստված Թեմանից կգա, և Սուրբը՝ զով և անտառախիտ լեռից։ (Դադար)։ Նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնությամբ լցվեց երկիրը։
4Նրա ճառագայթները լույսի պես կլինեն, և եղջյուրներ՝ նրա ձեռքում, և իր զորության ուժգին սերը հաստատեց։
5Նրա երեսի առջևից խոսք կգնա և նրա հետևից դեպի դաշտերը կելնի։
6Կանգնեց, և երկիրը շարժվեց, նայեց, և հալվեցին ազգերը, բռնությամբ խորտակվեցին լեռները, և հալվեցին հավիտենական բլուրները։ Նրա հավիտենական ընթացքը
7տառապանքների դիմաց տեսա։ Զարհուրեցին եթովպացիների վրանները և Մադիամի երկրի վրանները։
8Մի՞թե գետերի վրա կբարկանաս, Տե՛ր, կամ քո բարկությունը գետերի՞ վրա է, կամ քո ասպատակությունը՝ ծովերի՞ վրա, քանի որ կելնես քո ձիերի վրա, և քո ձի հեծնելը փրկություն է։
9Լարելով կլարես քո աղեղն իշխանության դեմ,- ասում է Տերը. (Դադար) գետերից պատռվեց երկիրը։
10Ժողովուրդները կտեսնեն քեզ և կերկնեն, որ ցանում ես ընթացող ջրերը։ Անդունդներն իրենց ձայնը բարձրացրին, իրենց սաստիկ բարձրությունը։
11Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։
12Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը և բարկությամբ կտկարացնես ազգերին։
13Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)
14Ապշությամբ ջախջախեցիր բռնակալների գլուխները. կսասանվեն դրա մեջ, գաղտնակեր տնանկի պես կարձակեն իրենց սանձերը։
15Ծով հանեցիր քո երիվարները՝ շատ ջրեր պղտորելու։
16Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։
17Թեև թզենին չի տա իր պտուղը, և որթատունկը ծնունդ չի ունենա, ձիթենու բերքը կխաբի, և դաշտերը կերակուր չեն տա, հոտերը կպակասեն արոտավայրից, և մսուրների մեջ եզներ չեն լինի,
18բայց ես կցնծամ Տիրոջով և կուրախանամ իմ փրկիչ Աստծով։
19Տերը՝ Աստված է իմ զորությունը. իմ ոտքերն ամբողջովին կուղղի և ինձ կհանի բարձունքները՝ իր երգով հաղթելու»։