Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 37

:
Armenian - NEA
1 Հակոբը բնակվում էր այն երկրում, որտեղ պանդուխտ էր եղել իր հայրը, այսինքն՝ քանանացիների երկրում։
2 ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին ։
3 Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։
4 Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան իր բոլոր որդիներից ավելի է սիրում, ատեցին նրան և նրա հետ այլևս չէին կարողանում հանդարտորեն խոսել։
5 Մի օր Հովսեփը մի երազ տեսավ ու այն պատմեց իր եղբայրներին, և նրան առավել ևս ատեցին։
6 Նրանց ասաց. «Լսե՛ք իմ տեսած երազը։
7 Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին»։
8 Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե մեր թագավորը պիտի լինես կամ մեզ տե՞ր պիտի դառնաս»։ Եվ սկսեցին ավելի ատել նրան նրա երազների ու խոսքերի պատճառով։
9 Նա այլ երազ ևս տեսավ և այն պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Նա ասաց. «Ահա այլ երազ ևս տեսա. իբր արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ»։
10 Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Գուցե ես, քո մայրը և քո եղբայրները պիտի գանք և երկրպագե՞նք քեզ»։
11 Նրա եղբայրները նախանձեցին նրան, իսկ հայրը մտքում պահում էր նրա պատմածը։
12 Նրա եղբայրները գնացին իրենց հոր ոչխարներն արածեցնելու Սյուքեմում։
13 Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։
14 Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ
15 և մինչ դաշտում դես ու դեն էր անում, մի մարդ տեսավ նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։
16 Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»։
17 Մարդը նրան ասաց. «Նրանք այստեղից գնացին, բայց ես լսեցի, որ ասում էին. “Գնանք Դովթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների հետևից և նրանց գտավ Դովթայիմում։
18 Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։
19 Եվ միմյանց ասացին. «Ահա երազատեսը գալիս է։
20 Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։
21 Ռուբենը, լսելով այդ, փորձեց նրանց ձեռքից ազատել նրան և ասաց. «Եկեք սրան չսպանենք»։
22 Եվ ավելացրեց. «Եկեք արյուն չթափենք, այլ գցե՛ք նրան անապատի այս գուբերից մեկի մեջ, բայց ձեռք մի՛ բարձրացրեք նրա վրա»։ Այդպես էր ասում, որպեսզի նրան փրկեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։
23 Երբ Հովսեփը հասավ իր եղբայրների մոտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկյա պատմուճանը
24 և նրան նետեցին մի գուբի մեջ։ Այն դատարկ էր, մեջը ջուր չկար։
25 Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
26 Եվ Հուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։
27 Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքերը նրա արյամբ չշաղախենք, որովհետև մեր եղբայրն է՝ մեր մարմինը»։ Եղբայրները լսեցին նրան։
28 Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
29 Երբ Ռուբենը եկավ դեպի գուբը և Հովսեփին այնտեղ չգտավ, պատառոտեց իր հագուստները,
30 վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»։
31 Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին արյան մեջ
32 և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։
33 Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։
34 Եվ պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ պահեց իր որդու համար։
35 Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։
36 Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա