Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 34

:
Armenian - NEA
1 Հակոբի համար Լիայի ծնած դուստրը՝ Դինան, ելավ այդ կողմի աղջիկներին տեսնելու։
2 Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։
3 Ամբողջ հոգով կապվելով Հակոբի դուստր Դինային՝ սիրեց նրան և սրտագին խոսեց նրա հետ։
4 Ապա դիմելով իր հորը՝ Եմովրին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։
5 Հակոբն իմացավ, որ Եմովրի որդին պատվազրկել է իր դուստր Դինային, բայց քանի որ իր որդիները դաշտում՝ անասունների մոտ էին, լուռ մնաց մինչև նրանց գալը։
6 Սյուքեմի հայրը՝ Եմովրը, գնաց Հակոբի մոտ՝ խոսելու։
7 Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։
8 Եմովրը, նրանց դիմելով, ասաց. «Իմ որդի Սյուքեմն ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը։ Արդ, աղջկան նրան կնությա՛ն տվեք
9 և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր դուստրերին տվե՛ք մեզ և մեր դուստրերին առե՛ք ձեր որդիներին։
10 Բնակվե՛ք մեզ հետ։ Ահա այս ընդարձակ երկիրը ձեր առջևում է. բնակվե՛ք, օգտվե՛ք դրանից և կալվածքնե՛ր ձեռք բերեք»։
11 Իսկ Սյուքեմն աղջկա հորն ու եղբայրներին ասաց. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ։ Եվ ինչ էլ ուզեք, կտանք։
12 Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
13 Հակոբի որդիները Սյուքեմին ու նրա հայր Եմովրին պատասխանեցին խորամանկությամբ, քանի որ Սյուքեմը պատվազրկել էր իրենց քրոջը՝ Դինային։
14 Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ասացին. «Չենք կարող մեր քրոջն անթլփատ մարդու տալ, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի։
15 Մենք կնմանվենք ձեզ և կբնակվենք ձեր մեջ, եթե դուք ևս նմանվեք մեզ՝ թլփատելով ձեր բոլոր արու զավակներին։
16 Մեր դուստրերին կտանք ձեզ և ձեր դուստրերից մեզ կին կառնենք, կբնակվենք ձեզ հետ և կլինենք իբրև մեկ ժողովուրդ։
17 Իսկ եթե հրաժարվեք թլփատվելուց, կվերցնենք մեր դուստրերին ու կհեռանանք»։
18 Այդ խոսքերը դուր եկան Եմովրին ու Սյուքեմին՝ Եմովրի որդուն։
19 Երիտասարդը, որ իր հոր ընտանիքի անդամներից ամենանշանավորն էր, չհապաղեց թլփատվել, քանի որ շատ էր սիրում Հակոբի դստերը։
20 Եմովրն ու իր որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց՝ ասացին.
21 «Այս մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ։ Արդ, թող բնակվեն այս երկրում և վաստակեն այստեղ, քանի որ մեր երկիրն ընդարձակ է և բավարար նաև նրանց համար։ Նրանց դուստրերին մեզ կին առնենք և մեր դուստրերին տանք նրանց։
22 Այդ մարդիկ կնմանվեն մեզ ու կբնակվեն մեզ հետ, և մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ միայն մի պայմանով, որ մեր բոլոր արուները թլփատվեն, ինչպես իրենք են այդ անում։
23 Նրանց ունեցվածքը, նրանց անասունները, նրանց չորքոտանիները արդյոք մերը չե՞ն լինի։ Միայն սրանով կնմանվենք նրանց, և նրանք կբնակվեն մեզ հետ»։
24 Բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, համաձայնվեցին Եմովրի ու նրա որդի Սյուքեմի հետ, և բոլոր արուները թլփատվեցին։
25 Իսկ երրորդ օրը, երբ դեռ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, վերցնելով իրենց սրերը, համարձակ մտան քաղաք ու կոտորեցին բոլոր արուներին։
26 Նրանք սրի քաշեցին նաև Եմովրին ու նրա որդի Սյուքեմին. Սյուքեմի տնից վերցրին Դինային ու գնացին։
27 Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։
28 Նրանք վերցրին քաղաքում և դաշտում գտնվող նրանց արջառները, ոչխարներն ու էշերը,
29 գերեվարեցին բոլոր ծառաներին, նրանց կանանց ու ավար առան այն ամենը, ինչ գտան թե՛ քաղաքում և թե՛ տներում։
30 Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։
31 Իսկ նրանք պատասխանեցին. «Իսկ ինչո՞ւ նրանք մեր քրոջը վերաբերվեցին իբրև պոռնիկի»։