Genesis 29
1 Հակոբը ելավ գնաց դեպի արևելք՝ Լաբանի՝ ասորի Բաթուելի որդու, Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։
2 Նա նայեց և դաշտի մեջ մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարի երեք հոտ էր մակաղել, քանի որ այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար էր դրված։
3 Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դարձյալ դնում ջրհորի բերանին։
4 Հակոբը նրանց հարցրեց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։
5 Կրկին հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ եք Նաքովրի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»։
6 Հարցրեց նրանց. «Ո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Ողջ է»։ Այդ ժամանակ Լաբանի դուստր Ռաքելը գալիս էր հոտերի հետ։
7 Հակոբն ասաց. «Դեռ շուտ է հոտերը հավաքելու համար, ջո՛ւր տվեք դրանց և տարե՛ք արածեցնելու»։
8 Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև բոլոր հովիվները չհավաքվեն և ջրհորի բերանից քարը չգլորեն. այդ ժամանակ ջուր կտանք ոչխարներին»։
9 Մինչ նա խոսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստրը՝ Ռաքելը, եկավ իր հոր հոտերի հետ, որովհետև նա էր արածեցնում իր հոր հոտերը։
10 Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի հոտերը, մոտեցավ, ջրհորի բերանից գլորեց քարը և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։
11 Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ։
12 Եվ հայտնեց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին։ Ռաքելը վազեց ու հորը պատմեց այն, ինչ պատահել էր։
13 Երբ Լաբանը լսեց Հակոբի՝ իր քրոջ որդու անունը, ընդառաջ վազեց, գրկեց նրան, համբուրեց և տարավ իր տունը։ Հակոբը Լաբանին պատմեց ողջ անցուդարձը։
14 Լաբանը նրան ասաց. «Դու իմ ոսկորներից և իմ մարմնից ես»։ Եվ Հակոբը մեկ ամիս մնաց նրա մոտ։
15 Այնուհետև Լաբանն ասաց Հակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։
16 Լաբանը երկու դուստր ուներ. ավագի անունը Լիա էր, կրտսերինը՝ Ռաքել։
17 Լիայի աչքերը հիվանդ էին, մինչդեռ Ռաքելը բարետես էր և գեղեցիկ։
18 Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Յոթ տարի կծառայեմ քեզ Ռաքելի՝ քո կրտսեր դստեր համար»։
19 Եվ Լաբանը նրան ասաց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան օտար մարդու։ Բնակվի՛ր ինձ հետ»։
20 Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
21 Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։
22 Լաբանը հավաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։
23 Երբ մութն ընկավ, Լաբանն առավ իր դուստր Լիային, տարավ Հակոբի մոտ, և Հակոբը պառկեց նրա հետ։
24 Լաբանն իր աղախին Զելփային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Լիային։
25 Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
26 Լաբանը պատասխանեց. «Մեր երկրում ընդունված չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։
27 Արդ, շաբաթն ապրի՛ր Լիայի հետ, և Ռաքելին էլ կտամ քեզ ևս յոթ տարի աշխատելու պայմանով»։
28 Հակոբն ընդունեց այդ առաջարկը. շաբաթն ապրեց նրա հետ, և Լաբանն իր դուստր Ռաքելին կնության տվեց նրան։
29 Լաբանն իր աղախին Բալլային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։
30 Հակոբը մերձեցավ Ռաքելին, նրան Լիայից ավելի սիրեց և նրա համար ծառայեց ևս յոթ տարի։
31 Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։
32 Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։
33 Լիան կրկին հղիացավ, Հակոբի համար ծնեց երկրորդ որդին և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը դրեց Շմավոն։
34 Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
35 Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։