Galatians 5
1 Պի՛նդ կացեք և դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։
2 Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ ոչնչով չի օգնի։
3 Հաստատում եմ, որ ամեն մարդ, ով թլփատվի, պարտավոր է ամբողջ Օրենքը գործադրել։
4 Դուք, որ ուզում եք Օրենքով արդարանալ, Քրիստոսից կտրված եք, շնորհից զրկված։
5 Իսկ մենք Հոգու զորությամբ, հավատով արդարանալու հույսով ենք սպասում,
6 որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
7 Լավ էիք ընթանում, ո՞վ ձեզ կանգնեցրեց, որ չհնազանդվեք ճշմարտությանը։
8 Այս համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։
9 «Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը» ։
10 Ես հույս ունեմ ձեր հանդեպ Տիրոջով, որ ուրիշ կերպ չեք խորհելու, իսկ ով խռովեցնում է ձեզ, դատապարտության է ենթարկվելու, ով էլ լինի։
11 Ինչ վերաբերում է ինձ, եղբայրնե՛ր, եթե ես թլփատություն էի քարոզում, ապա ինչո՞ւ եմ դեռևս հալածվում։ Այդ դեպքում խաչը կդադարեր գայթակղություն լինելուց։
12 Երանի՜ թե արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։
13 Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։
14 Արդարև ամբողջ Օրենքն այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։
15 Իսկ եթե միմյանց խայթեք ու հոշոտեք, զգուշացե՛ք, գուցե միմյանց ոչնչացնեք։
16 Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք,
17 որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։
18 Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա Օրենքի տակ չեք։
19 Մարմնի գործերը հայտնի են, այն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն,
20 կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,
21 չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
22 Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն,
23 բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։
24 Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։
25 Եթե ապրում ենք Հոգով, Հոգով էլ առաջնորդվենք։
26 Եվ սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով։