Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Galatians 3

:
Armenian - NEA
1 Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ներկայացվեց խաչված։
2 Այս եմ միայն ուզում սովորել ձեզնից. Հոգին ստացաք Օրենքը գործադրելո՞վ, թե՞ քարոզությանը հավատալով։
3 Այդքան անմի՞տ եք. Հոգով սկսեցիք և այժմ մարմնո՞վ եք ուզում ավարտել։
4 Այդքան իրադարձություններ իզո՞ւր պատահեցին ձեզ. եթե իզուր էին։
5 Արդ, Աստված Հոգին բաշխում է ձեզ և ձեր մեջ հրաշքներ է գործում նրա համար, որ Օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզությանը հավատացիք։
6 Այդպես Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան որպես արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։
7 Իմացե՛ք, ուրեմն, որ Աբրահամի որդիներ են նրանք, ովքեր հավատին են ապավինում։
8 Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» ։
9 Այնպես որ ովքեր հավատին են ապավինում, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։
10 Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» ։
11 Որ Օրենքով ոչ ոք չի կարող արդարանալ Աստծու առաջ, քաջ հայտնի է, որովհետև ասում է. «Արդարը հավատով է ապրելու» ։
12 Իսկ Օրենքը հավատից կախում չունի, բայց՝ «Ով գործադրի օրենքները, նրանցով էլ կապրի» ։
13 Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» ),
14 որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, և որպեսզի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։
15 Եղբայրնե՛ր, մարդկային տեսանկյունից եմ ասում. անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։
16 Աբրահամին ու նրա շառավղին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «նրա շառավիղներին», որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է՝ «Եվ քո շառավղին», այսինքն՝ Քրիստոսին։
17 Ահա՛ թե ինչ եմ ուզում ասել. Աստծու կողմից նախապես հաստատված կտակը՝ Օրենքը, որ դրանից չորս հարյուր երեսուն տարի հետո դրվեց, չի կարող անվավեր դարձնել՝ ջնջելով խոստումը։
18 Եթե ժառանգությունը կախում ունի Օրենքից, ապա այլևս կախված չէ խոստումից. այնինչ Աստված Աբրահամին խոստումով շնորհեց այն։
19 Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
20 Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստված մեկ է։
21 Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։
22 Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։
23 Քանի դեռ հավատը չէր եկել, արգելափակված էինք Օրենքի հսկողության տակ՝ սպասելով հավատին, որ հայտնվելու էր մեզ։
24 Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։
25 Բայց հենց հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք,
26 որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։
27 Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։
28 Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
29 Իսկ եթե դուք Քրիստոսին եք պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ՝ ըստ խոստման։