Ezekiel 4NEA

1«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղյո՛ւս վերցրու, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրա կպատկերես Երուսաղեմ քաղաքը,

2շուրջը կհաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտկոցներ կշինես, պատնեշով կշրջապատես, շուրջը բանակներ կկանգնեցնես ու պարսպակործաններ կտեղադրես չորս կողմը։

3Քեզ համար երկաթե մի տապակ կվերցնես և այն՝ իբրև երկաթե պարիսպ, կկանգնեցնես քո ու քաղաքի միջև։ Դեմքդ էլ նրա վրա կուղղես, սա պաշարման մեջ կլինի, և այն կպաշարես։ Սա նշան է Իսրայելի որդիների համար։

4Դու կննջես քո ձախ կողքի վրա և Իսրայելի տան անիրավություններն էլ կդնես դրա վրա՝ ըստ այն օրերի թվի, որ ննջելու ես դրա վրա՝ հարյուր իննսուն օր, և նրանց անիրավությունները կկրես։

5Ես քեզ եմ տվել նրանց երկու անիրավությունները օրերի թվով՝ հարյուր իննսուն օր։ Եվ կկրես Իսրայելի տան անիրավությունները,

6կամբողջացնես ամենը։ Դարձյալ կննջես՝ աջ կողքիդ վրա, և Հուդայի տան անիրավությունները կկրես քառասուն օր. յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ։

7Դեմքդ կուղղես դեպի Երուսաղեմի պաշարումը, կզորացնես բազուկներդ և նրա դեմ կմարգարեանաս։

8Իսկ ես ահա քեզ վրա կապանքներ եմ դրել, և չես կարողանա շրջվել մի կողքից մյուսը, մինչև որ չլրանան արգելափակմանդ օրերը։

9Եվ դու քեզ համար ա՛ռ ցորեն ու գարի, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցե մի ամանի մեջ և քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրա քո քնելու օրերի թվի՝ հարյուր իննսուն օր, կուտես այն։

10Կերակուրդ կշռով կուտես. օրական քսան սիկղ դրանից կուտես որոշված ժամերին։

11Ջուրն էլ մի դորակի չափով կխմես։

12Կերակուրդ գարուց պատրաստված նկանակի ձևով կուտես. մարդկանց կղանքի վրա կեփես այն, նրանց աչքի առաջ։

13Ու կասես. “Այսպես է ասում Իսրայելի Տերը՝ Աստված. “Իսրայելի որդիներն այսպես՝ պղծությամբ են ուտելու իրենց հացն այն ազգերի մեջ, ուր ցրիվ եմ տալու նրանց”»։

14Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։

15Եվ ինձ ասաց. «Ահա քեզ մարդու կղանքի փոխարեն արջառի թրիք եմ տվել. դրա վրա կեփես հացդ»։

16Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղեմում հացի պաշարը. թող հացը կշռով ու պակասությամբ ուտեն, ջուրն էլ չափով ու պակասությամբ խմեն,

17որպեսզի հացի ու ջրի կարոտ մնան։ Թող կործանվեն մարդն ու իր եղբայրը և թող հյուծվեն իրենց անիրավությունների մեջ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.