1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Գովգի ու Մագովգի երկրի դեմ, Ռոսմեսոքի ու Թոբելի իշխանի դեմ և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ, ասա՛ նրան.
3“Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, ո՛վ իշխան Ռոսմեսոքի ու Թոբելի,
4ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնոտներին, հավաքելու եմ քեզ ու քո բոլոր զորքերը, հեծյալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառվածներին ու սպառազինվածներին, վահանավորներին, սաղավարտավորներին ու սուսերավորներին, բոլորին միասին՝
5պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիդացիներին, բոլորին, որ սաղավարտակիր են ու վահանավոր,
6Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմա տունը՝ հյուսիսի ծագերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիվ ազգերի էլ՝ քեզ հետ։
7Պատրաստվի՛ր ու պատրաստի՛ր քո անձը, դու և քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Դու ինձ համար առաջապահ ես լինելու։
8Թող պատրաստվի, որ բազում օրեր հետո, երբ գա ժամանակների վախճանը, հասնի սրից ապահով երկիրը՝ շատ ազգերից հավաքվելով Իսրայելի երկրում, որ ամբողջովին ավերակ է դարձել։ Նույն ազգերից հավաքվելով՝ բոլորն էլ խաղաղությամբ են ապրելու։
9Ելնելու ես անձրևի պես, հասնելու ես ամպի պես ու ծածկելու ես երկիրը։ Պիտի լինես դու և բազում ազգերը, որ քո շուրջն են, քեզ հետ”։
10Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը սրտիդ մեջ խորհուրդներ են առաջանալու, չար մտածումներ ես ունենալու
11և ասելու ես. “Վեր կենամ բարգավաճ երկրի դեմ, հասնեմ նրանց վրա, ովքեր հանդարտության ու անհոգության մեջ են, ապրում են խաղաղաղության մեջ, բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ,
12որպեսզի ավար առնեմ, կողոպտեմ նրանց ունեցվածքը, ձեռքս բարձրացնեմ այն երկրի վրա, որ ավերվել ու վերաբնակեցվել է, այն ազգի վրա, որ ժողովվել է բազում ազգերից, ունեցվածք ու դաստակերտ է ձեռք բերել ու բնակվում է երկրի սրտում”։
13Սաբան, Դեդան, կարկեդոնացիների վաճառականներն ու նրա բոլոր ավանները քեզ ասելու են. “Արշավում-գալիս ես ավար առնելու համար, հավաքել ես բազմությունդ՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցվածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար”։
14Ուստի մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և Գովգին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Չէ՞ որ այն օրը, երբ իմ ժողովուրդը՝ Իսրայելը, խաղաղությամբ ապրելիս լինի, դու զարթնելու
15ու գալու ես քո տեղից՝ հյուսիսի ծագերից, դու և քեզ հետ բազում ազգեր՝ երիվարներ հեծած, բոլորն էլ բազում զորագնդեր կազմած։
16Դու վեր ես կենալու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ՝ իբրև ամպ, որ ծածկում է երկիրը։ Դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որպեսզի բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մեջ, նրանց առաջ, ո՛վ Գովգ”»։
17«Տերը՝ Աստված, Գովգին այսպես է ասում. “Դու նա ես, ում մասին խոսել եմ հին օրերում, իմ ծառաների՝ Իսրայելի իմ մարգարեների միջոցով, այն օրերին ու տարիներին, որ քեզ նրանց դեմ էի բերելու։
18Եվ այն օրը, երբ Գովգը գա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տերը՝ Աստված,- դուրս է հորդելու զայրույթս,
19նաև նախանձս՝ իմ բարկության հրով։ Խոսեցի, թե այն օրն Իսրայելի երկրի վրա մի՞թե մեծ երկրաշարժ չի լինելու.
20ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտերի գազանները, երկրի բոլոր սողունները, նաև երկրի երեսին գտնվող բոլոր մարդիկ դողալու են իմ ներկայությունից։ Ճեղքվելու են լեռները, տապալվելու են ձորերը, կործանվելու են երկրի բոլոր պարիսպները։
21Սրի ահն եմ նրա վրա բերելու,- ասում է Տերը՝ Աստված.- յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ է լինելու։
22Նրան դատաստան եմ տեսնելու արյունով ու ժանտախտով, անձրևների հեղեղներով ու քարե կարկուտով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրա, որ նրա հետ կլինեն, բազմաթիվ ազգերի վրա, որ կլինեն նրա հետ։
23Այսպես եմ ես ցույց տալու իմ մեծությունը, սրբանալու եմ, փառավորվելու ու ճանաչվելու ազգերի առաջ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։