Exodus 25
1 Տերը Մովսեսին ասաց.
2 «Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։
3 Սրանք են այն ընծաները, որ պիտի ընդունեք նրանցից՝ ոսկի, արծաթ, պղինձ,
4 կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ,
5 կարմիր ներկված խոյի մորթիներ, կապույտ ներկված մորթիներ և չփտող փայտեր,
6 լուսավորության համար ձիթայուղ, օծության յուղի և խնկի համար անուշահոտ նյութեր,
7 սարդիոնի քարեր, նաև հղկված ակնաքարեր՝ զարդարելու քահանայական լանջապանակը և պատմուճանը։
8 Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։
9 Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
10 Չփտող փայտից պատրաստի՛ր Ուխտի տապանակը՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։
11 Այն ներսից պատի՛ր մաքուր ոսկով, արտաքինից ոսկեզօծի՛ր և վերևի եզրին ալյակաձև ոսկե շրջանա՛կ արա։
12 Չորս ոսկե օղակներ կձուլես և կամրացնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, երկու օղակները՝ մյուս կողմից։
13 Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։
14 Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։
15 Բռնակները Ուխտի տապանակի օղակների մեջ թող անշարժ մնան։
16 Տապանակի մեջ կդնես Վկայության այն տախտակները, որ ես պիտի տամ քեզ։
17 Տապանակի կափարիչը, որ կոչվելու է Քավություն, կպատրաստես մաքուր ոսկուց, երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ։
18 Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։
19 Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին.
20 թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։
21 Քավությունը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունները, որ ես պիտի տամ քեզ։
22 Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և քեզ հետ կխոսեմ Քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք Ուխտի տապանակի վրա են. ամեն անգամ, երբ ցանկանամ մի հրաման տալ Իսրայելի որդիներին»։
23 «Չփտող փայտից սեղա՛ն պատրաստիր երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։
24 Այն պատի՛ր մաքուր ոսկով, նրա շուրջբոլորը ալյակաձև ոսկե եզրե՛ր
25 արա և շուրջանակի չորս մատնաչափ մեծությամբ մի պսակ։ Պսակի շուրջբոլորը ևս ալյակաձև եզրե՛ր արա։
26 Եվ չորս ոսկե օղակնե՛ր պատրաստիր ու դրանք դի՛ր չորս անկյուններին՝ չորս ոտքերից վերև,
27 պսակից ներքև։ Օղակները ծառայելու են սեղանը բարձրացնելու համար՝ բռնակները դրանց մեջ անցկացնելով։
28 Բռնակները պատրաստի՛ր չփտող փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։
29 Պատրաստի՛ր խնկաղացներ, խնկատուփեր, գավաթներ ու սկիհներ, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկո՛ւց պատրաստիր դրանք։
30 Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես Առաջավորության հացը»։
31 «Մաքուր ոսկուց աշտանակ կպատրաստես՝ քանդակված, իր բնով, ճյուղերով, սկահակներով, գնդերով ու զարդածաղիկներով միաձույլ։
32 Վեց ճյուղեր պետք է տարածվեն նրա կողքերից. աշտանակի երեք ճյուղերը պետք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի մյուս երեք ճյուղերը՝ մյուս կողմից։
33 Ամեն մի ճյուղ պետք է ունենա գնդիկից ու զարդածաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ։ Մյուս ճյուղերն էլ պետք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ։ Այսպես թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճյուղերը.
34 աշտանակի վրա պետք է լինեն ընկուզաձև չորս սկահակներ՝ իրենց խոյակներով և զարդածաղիկներով։
35 Բնից դուրս եկած երկու ճյուղերը ներքևում պիտի միանան մի գնդիկով։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու մյուս ճյուղերի տակ նույնպես պետք է լինի մի գնդիկ։ Նույն ձևով կպատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճյուղերն
36 այնպես, որ նրանց գնդիկներն ու ճյուղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջությամբ քանդակազարդ, մեկ կտոր մաքուր ոսկուց։
37 Դրա համար յոթ ճրագարան կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն դիմացից՝ մի կողմից։
38 Դրա յուղամաններն ու յուղամանի տակի ափսեները կպատրաստես մաքուր ոսկուց։
39 Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կպատրաստես։
40 Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։