Exodus 2
1 Ղևիի ցեղից մի մարդ կար, որն իրեն կին էր առել Ղևիի դուստրերից մեկին։
2 Սա հղիացավ ու մի արու զավակ ծնեց։ Տեսնելով, որ նա կայտառ է, երեք ամիս թաքցրին նրան։
3 Երբ այլևս չէին կարողանում թաքցնել, նրա մայրն առավ եղեգյա մի զամբյուղ, ծեփեց այն կպրաձյութով, մանկանը դրեց դրա մեջ և գետափին՝ ծանծաղուտ մի տեղում, թողեց։
4 Մանկան քույրը հեռվից հետևում էր՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու նրա հետ։
5 Այդ ժամանակ փարավոնի դուստրն իջավ գետում լվացվելու։ Նրա նաժիշտները շրջում էին գետափին։ Նա, ծանծաղուտի մեջ տեսնելով զամբյուղը, ուղարկեց մի նաժիշտի՝ հանելու այն։
6 Բացեց ու տեսավ մանկանը, որ լաց էր լինում զամբյուղում։ Փարավոնի դուստրը գթաց նրան և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»։
7 Մանկան քույրն ասաց փարավոնի դստերը. «Ցանկանո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ սնի այդ մանկանը քեզ համար»։
8 Փարավոնի դուստրն ասաց. «Գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը։
9 Փարավոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը և սնի՛ր նրան ինձ համար։ Ես քեզ կվարձատրեմ»։ Կինը վերցրեց մանկանն ու սնեց նրան,
10 և երբ մանուկը մեծացավ, բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա եղավ նրա որդեգիրը։ Նրան անվանեց Մովսես՝ ասելով. «Ջրից հանեցի նրան»։
11 Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր եղբայրների՝ Իսրայելի որդիների մոտ, տեսավ նրանց չարչարանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։
12 Նայելով այս ու այն կողմ՝ տեսավ, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և թաքցրեց ավազի տակ։
13 Հաջորդ օրը, տեսնելով, որ երկու եբրայեցիներ կռվում էին միմյանց հետ, անիրավողին ասաց. «Ինչո՞ւ ես հարվածում ընկերոջդ»։
14 Նա պատասխանեց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա, թե՞ ինձ էլ ես ցանկանում սպանել, ինչպես երեկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց, թե այսպիսով հայտնի եղավ իր արածը։
15 Երբ փարավոնը լսեց այդ մասին, ցանկացավ սպանել Մովսեսին։ Մովսեսը փախավ փարավոնի մոտից և բնակվեց Մադիամի երկրում։ Գալով Մադիամի երկիրը՝ նստեց մի ջրհորի մոտ։
16 Մադիանացիների քուրմը յոթ դուստր ուներ, որոնք արածեցնում էին իրենց հոր հոտերը։ Նրանք եկել էին ջուր հանելու, որպեսզի լցնեն ավազանները՝ իրենց հոր ոչխարներին ջուր տալու համար։
17 Բայց ուրիշ հովիվներ եկան և նրանց քշեցին։ Մովսեսը ելնելով վռնդեց նրանց և ջուր հանեց ու խմեցրեց նրանց հոտերը։
18 Աղջիկները եկան Ռագուելի՝ իրենց հոր մոտ։ Նա նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եղավ, որ այսօր արևը մայր չմտած՝ եկաք»։
19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի այր փրկեց մեզ հովիվներից և ջուր հանեց ու տվեց մեր հոտերին»։
20 Եվ նա ասաց իր դուստրերին. «Որտե՞ղ է, որտե՞ղ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչե՛ք նրան, որ մեզ հետ հաց ուտի»։
21 Եվ Մովսեսը բնակվեց այդ մարդու մոտ, և սա իր դուստր Սեպփովրային կնության տվեց Մովսեսին։
22 Կինը հղիացավ ու ծնեց որդի, որին Մովսեսը Գերսամ անվանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»։
23 Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
24 Աստված լսեց նրանց հեծեծանքը, հիշեց իր ուխտը Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ,
25 նայեց Իսրայելի որդիներին ու հայտնվեց նրանց։