Ephesians 3
1 Այս պատճառով ես՝ Պողոսը, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար։
2 Դուք թերևս լսել եք, որ Աստված իր շնորհի մատակարարումը տվել է ինձ ձեր օգուտի համար։
3 Մի հայտնությամբ ինձ ցույց տվեց խորհուրդը, ինչպես վերևում համառոտ գրեցի ձեզ,
4 որպեսզի կարող լինեք ընթերցելու և հասկանալու, թե որքան տեղյակ եմ Քրիստոսի խորհրդին։
5 Այս խորհուրդն Աստված մարդկության նախորդ սերունդներին ցույց չտվեց, ինչպես այժմ հայտնեց իր սրբերին՝ առաքյալներին ու մարգարեներին, Սուրբ Հոգու միջոցով,
6 որպեսզի հեթանոսները ժառանգակից, նույն մարմնի անդամ և Քրիստոս Հիսուսով իրագործված խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանի միջոցով։
7 Այդ Ավետարանին ես՝ Պողոսս, սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ Աստված իր զորության ներգործությամբ ինձ տվեց։
8 Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը
9 և լուսավորելու բոլորին, որպեսզի իմանան, թե ի՛նչ է այն խորհրդի իրագործումը, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր Աստծու՝ տիեզերքի Արարչի մեջ,
10 որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին,
11 համաձայն իր հավիտենական ծրագրի, որ իրագործեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
12 Նրան հավատալու միջոցով համարձակություն ու վստահություն ունենք Աստծու առջև։
13 Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։
14 Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ,
15 որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա,
16 որպեսզի ձեզ, ըստ իր փառքի մեծության, զորություն տա իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու,
17 և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,
18 որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը,
19 ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։
20 Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։
21 Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն։