Ephesians 1
1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, Եփեսոսում գտնվող սրբերին ու Քրիստոսին հավատացողներին։
2 Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
4 ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
5 Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի բարեհաճության,
6 որպեսզի գովերգենք նրա շնորհի փառքը, որն առատորեն պարգևեց մեզ իր Սիրելիի միջոցով։
7 Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
8 որ մեր մեջ առատացրեց ամեն տեսակ իմաստությամբ ու հասկացողությամբ։
9 Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով,
10 որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։
11 Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,
12 գովերգելու նրա փառքը, մենք՝ Քրիստոսին առաջինը հուսացողներից։
13 Նրանով նաև դուք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։
14 Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։
15 Ուստի ես էլ Տեր Հիսուսի հանդեպ ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ձեր սիրո մասին լսելուց ի վեր
16 չեմ դադարում ձեզ համար գոհություն հայտնելուց՝ հիշելով ձեզ իմ աղոթքների մեջ,
17 որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության ու հայտնության Հոգին՝ իրեն ճանաչելու համար,
18 լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ,
19 և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։
20 Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝
21 ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից և հնարավոր բոլոր անուններից բարձր, ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում։
22 «Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ» և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու,
23 որ նրա մարմինն է, լրումը նրա, որ իրենով է լցնում ամեն ինչ ամեն ինչում։