1Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը՝
2ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը,
3սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը,
4լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը,
5քարեր նետելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը,
6փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը,
7պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը,
8սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։
9Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։
10Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ չարչարվեն դրա վրա։
11Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։
12Ես հասկացա, որ մարդկանց մեջ ավելի լավ բան չկա, քան ուրախանալ և բարիք գործել այս կյանքում,
13քանզի ամեն մարդ, որ ուտում-խմում է և վայելում իր աշխատանքի բարի պտուղը, դա՛ է Աստծու պարգևը։
14Ես հասկացա, որ Աստծու ստեղծած ամեն բան պիտի մնա հավիտյան, որ ոչինչ հնարավոր չէ ավելացնել դրանց վրա կամ էլ պակասեցնել դրանցից։ Եվ Աստված ստեղծել է, որպեսզի երկյուղեն իրենից։
15Ինչ եղել է, հիմա էլ կա, և ինչ պիտի լիներ, եղել է արդեն, և Աստված փնտրելու է հալածյալին։
16Արեգակի ներքո ես տեսա դարձյալ, որ որտեղ դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, և որտեղ արդարություն կար, այնտեղ էր բարեպաշտը։
17Եվ սրտիս մեջ ասացի. «Աստված պիտի դատի արդարին և ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակ կա, և բոլոր արարածների վրա ժամ ու ժամանակ կա դրված»։
18Եվ սրտիս մեջ մարդու որդիների խոսքերի վերաբերյալ ասացի, որ Աստված պիտի դատի նրանց, որպեսզի ցույց տա, թե իրենք էլ ի վերջո անասուն են։
19Քանզի նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների և թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և մյուսի մահը, և երկուսն էլ նույն շունչն ունեն. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։
20Ամեն բան նույն տեղն է գնում. ամեն ինչ հողից է առաջացել և ամեն ինչ հող է դառնում։
21Եվ ո՞վ գիտե, թե մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչն իջնում է ցած՝ հողի մեջ։
22Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։